Այո,այո ,Քրիս դե Բուրգ և Արման Հովհաննիսյան,իսկ դու ,ի՞նչ է,կարծում էիր ,թե ԱՄՆ-ի ” Nokia” թատրոնի շլացնող բեմահարթակում իրար հանդիպում են միայն Rihanna-ն ,հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը կամ Lady Gaga-ն:

Հոկտեմբերին ” Nokia” թատրոնում կայացած հայտնի երաժիշտ ,ամենառոմանտիկ ու քնքուշ ձայնով Քրիս դե Բուրգի մենահամերգի հատուկ հյուրը նույն ինքը Արման Հովհաննիսյանն էր ՝ իր դասական կոստյումատաբատախառը,իսկական հայ տնավարի ու հարսանիքներին միշտ օձի կաշվից կարված կոշիկներ հագած տղամարդու պես ,սպիտակ վերնաշապիկով՝կոճակներն արձակած,ֆիրմա “խորովածը շատ լավ բան է” դեմքի արտահայտությամբ,բայց դե ժպիտի մեջ էլ ” ջիգյարն ” անպակաս: This Way Up և Flying Colours հանրաճանաչ ալբոմների հեղինակը նույն բեմում հայտնվեց ” Կորել եմ”, ” Դու ես ,դու ” և մի շարք այլ հայկական ռեստորանային երգերի կատարող Արման Հովհաննիսյանի հետ,այն էլ , չընկնես, ” Lady in red ” կատարմամբ,որի մի մասը ,վիդեոհոլովակից պիտի պարզվեր ,որ թարգմանվել էր հայերեն: Այն հանգամանքը ,որ Քրիսը ու Արմանը նույն բեմում էին,ոչ արդարացնելու և ոչ էլ քարկոծելու ենք այս նյութում,բայց մի պահ արի պատկերացնենք,ուղղակի մի պահ,որ այդ նույն “Lady in red”-ը իր լույսընծայման օրվանից իր տեղը գրավել է մի շարք մեծամեծ պաշտոնյաների սիրելի երգացանկում,որոնցից ,օրինակ՝ Վելսի արքայադուստրը,Դիանան : Չէ,սա դեռ իրենից ոչինչ չի ենթադրում,այո,գուցե Բուրգն իսկապես հարմար է գտել ,որ աշխարհահռչակ այս երգի առաջին դուետ տարբերակը կատարելու համար ամենաճիշտ թեկնածուն

Արման Հովհաննիսյանն է և որ ամենահարմար թարգմանվելիք լեզուն էլ հայերենն է :

Դուետն արդեն համացանցում է,ի՞նչ կարող ես անել,մնում է քննարկել ու հասկանալ ,թե ամերիկյան հանդիսատեսի համար ո՞վ դարձավ Արմանը Բուրգի հետ համերգի ընթացքում և հետո,ինչպիսի՞ տպավորությամբ էր այդ նույն հանդիսատեսը սուլում ու ծափահարում հայկական մելիզմատիկայով հնչող ” Lady in red ” -ին և ,վերջապես, ովքե՞ր են Արմանի յութուբի պաշտոնական էջում տեղադրված հոլովակի այն մի քանի տասնյակ Dislike անողները:

Այն ,որ Արման Հովհաննիսյանը հայկական մի շարք հարսանիքների և առիթների սպասված հյուրը կլիներ,կարծում եմ ,չեն հերքի նրա պատվիրատուները,բայց ամերիկյան հայտնի թատրոնում ,իռլանդացի հայտնի երգչի կարմրազգեստ լեդիի մասին ամենասիրված գործերից մեկով ամերիկյան հանդիսատեսին ներկայանալու դեպքում ճիշտ կլիներ հրաժարվել հայկական ռեստորանային երաժշտությանը բնորոշ հայ-հեյ,վայ-վայ մելիզմներից,որոնք,ի զարմանս ինձ նման ” իսկական արվեստից հեռու կանգնած” և մաքուր երաժշտությունից բան չհասկացող մարդու,սիրվեցին ու ծափահարվեցին ” Nokia”-ի բեմում:

Հայտնի և դրսի աշխատաշուկայում քիչ թե շատ իր տեղը գտած արտիստի համար մեր ժամանականերում պետք է որ անգլերեն լեզվի խնդիրներն ու ոսկեղենիկ հայերենից փոխանցված ակցենտը ,իր ՝” լեյդի ին ռեդ,շի սը դենսինգ”-ներով ,վաղուց հաղթահարված և աշխատված փուլ լիներ,սակայն Արմանի դեպքում երգի անգլերեն հատվածներում,երբ փակում եմ աչքերս,դիմացս կանգնում է կարմիր թշերով ,կաշվե բերետը գլխին,գյուղի դպրոցը միջին գնահատականներով ավարտած ,անգլերենից բառ ու բան չիմացող պատանի:

Երգում տեղ գտած հայկական թարգմանությամբ տեքստը ինձ ևս դուր չեկավ: Այսպիսի տեքստերով երգեր մենք սովոր ենք լսել հայկական միջակ հեռուստաալիքների ոչ այնքան վարկանշային հաղորդումների շրջանակներում,բայց եթե հաշվի առնենք ,որ ո՛չ այս թատրոնը,ո՛չ էլ առավել ևս Բուրգը իմ նշած միջակ և underrated եթերներից ու հաղորդումներից չեն ,կարելի էր ավելի գրավիչ ու համապատասխան խոսքեր ընտրել:

Ինչևէ,վիդեոհոլովակը իր like-ողներին և իրենց ֆեյսբուքյան էջերում անխնա տարածողներին ,ամեն դեպքում ,գտավ,իսկ մենք այս դեպքում ոչ երաժշտական քննադատներ ու ոչ էլ դատավորներ ենք. մեր անելիքը քննարկելն ու վերլուծելն է,մնացածը ,ինչպես ասում են ,որոշում են երաժշտասերները:

Ամեն դեպքում շնորհավորել կարելի է Արման Հովհաննիսյանին.կարծում եմ ՝այս դուետը իր կարիերայում շատ բան կարող է փոխել:Իսկ մեզ մնում է անհամբերությամբ հետևել մեր երկնակամարի աստղերին ու նրանց ուղեծիրներին:Մեկ էլ տեսար մի օր նույն բեմում երգեցին Սթիվին ու Արմենչիկը, Թաթան ու Քլեփթոնը,հետո ինչ,չուզողն էլ թող մենք լինենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել