Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ խաղաղ բանակցություններն իմաստ չունեն, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել այդ երկրի տարածքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
«Ռուսաստանը շարունակում է մարդկանց սպանել Սիրիայում: Կարելի՞ է խոսել խաղաղ հավաքի մասին: Կարո՞ղ է խոսք գնալ խաղաղ բանակցությունների մասին»,- ասել է Էրդողանը։
 
Նախօրեին սիրիական ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան մինչև փետրվարի 25-ն ընդմիջում է հայտարարել Սիրիայի վերաբերյալ բանակցություններում՝ առաջարկելով մասնակիցներին «դեռ աշխատել»։
 
Սակայն Էրդողանի խոսքով՝ բանակցությունների մասնակիցներին դժվար թե հաջողվի որոշման հասնել փետրվարի վերջին, և բանակցությունները հավանաբար նորից կհետաձգվեն։
 
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն արդեն հեռացել է Ժնևից։ Պաշտոնական Դամասկոսն ընդդիմությանը մեղադրում է բանակցությունները տապալելու փորձի համար։ Ընդդիմությունն ու նրա աջակից պետություններն էլ փոխադարձաբար մեղադրում են Դամասկոսին և նրա դաշնակիցներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել