16:39 , 4 փետրվար, 2016
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ խաղաղ բանակցություններն իմաստ չունեն, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել այդ երկրի տարածքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ռուսաստանը շարունակում է մարդկանց սպանել Սիրիայում: Կարելի՞ է խոսել խաղաղ հավաքի մասին: Կարո՞ղ է խոսք գնալ խաղաղ բանակցությունների մասին»,- ասել է Էրդողանը։
Նախօրեին սիրիական ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան մինչև փետրվարի 25-ն ընդմիջում է հայտարարել Սիրիայի վերաբերյալ բանակցություններում՝ առաջարկելով մասնակիցներին «դեռ աշխատել»։
Սակայն Էրդողանի խոսքով՝ բանակցությունների մասնակիցներին դժվար թե հաջողվի որոշման հասնել փետրվարի վերջին, և բանակցությունները հավանաբար նորից կհետաձգվեն։
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն արդեն հեռացել է Ժնևից։ Պաշտոնական Դամասկոսն ընդդիմությանը մեղադրում է բանակցությունները տապալելու փորձի համար։ Ընդդիմությունն ու նրա աջակից պետություններն էլ փոխադարձաբար մեղադրում են Դամասկոսին և նրա դաշնակիցներին։