Tert.am-ը գրում է.

Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի օրը դարձել է աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդը՝ ֆոնդային շուկաներում Facebook Inc.-ի բաժնետոմսերի գրանցած վերջին տվյալների արդյունքում, գրում է Bloomberg-ը:

 

Ամենախոշոր սոցիալական ցանցի 31-ամյա հիմնադրի կարողությունը Նյու Յորքի բորսաների փակման ժամանակ կազմել է 50 միլիարդ դոլար։

 

Դա աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց ամեն օր թարմացվող վարկանշային ցանկում՝ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում, առաջ է տարել նրա դիրքերը՝ հետևում թողնելով մագնատ և ներդրող Կառլոս Սլիմին և Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ 

 

Անգամ օրվա ընթացքում գրանցելով 0,4 տոկոսի անկում՝ Facebook-ը 2016 թվականին գրանցել է 9,5 տոկոսի աճ՝ հակառակ համաշխարհային կապիտալի շուկաներում տիրող մթնոլորտին։ Facebook-ը Google-ի ծնող Alphabet Inc.,  Apple Inc. և Microsoft Corp. ընկերություններից հետո չորրորդ ամենաթանկարժեք ընկերությունն է։

 

Bloomberg-ի հաղորդմամբ՝ Բեզոսի կարողությունը կրճատվել է 10,6 միլիարդ դոլարով, այժմ այն կազմում է 49,1 միլիարդ դոլար:

 

Ցուկերբերգը միակ միլիարդատերն է աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց թվում, ում կարողությունն ավելացել է այս տարի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել