Եվրասիականության գաղափարակիր մի շատ խելացի ռուս մտածող կար` Նիկոլայ Տրուբեցկոյ (վերջերս էլ փիլիսոփայության մեր մասնագետների կողմից թարգամնվեց նրա աշխատությունների ժողովածուն` «Եվրոպան և մարդկությունը»): Տրուբեցկոյը հետաքրքիր կերպով մշակութային, էթնիկական, աշխարհայացքային ընդհանրություններ է անցկացնում սլավոնական(ռուսներ, բելոռուսներ, ուկրաինացիներ և այլն) և թուրանական (թուրքեր, ղազախներ, թաթարներ, ղրղզներ և այլն) ժողովուրդների միջև` դրանով հակադրելով աշխարհի եվրասիական պատկերը եվրոպականին: Ըստ Տրուբեցկոյի` եվրոպական ռացիոնալիզմի, պրագմատիզմի, սեկյուլարիզմի համար միշտ էլ խորթ է լինելու եվրասիական ոգեպաշտությունը, ծավալապաշտությունը, իռացիոնալիզմը, եվրոպական անհատապաշտությունը չի կարող համագոյակցել եվրասիական հոտային կենսակերպին և այլն: Սկզբունքորեն այս երկու աշխարհպատկերները` եվրասիականը և եվրոպականը չեն կարող իրար հասկանալ: Եթե ընդունենք Տրուբեցկոյի ճշմարտացիությունը, ապա այդ կերպ կարելի է բացատրել թյուրքական և սլավոնական ժողովուրդների համար ընդհանուր անձի պաշտամունքը, կլանային հարաբերությունները, համակարգված կոռուպցիան և այլն, քանի որ սրանք հոտային մտածողության հետևանքներ են, և ոչ անհատական: Եթե մարդն իրեն առանձին անհատ է դիտում, ոչ թե հոտի մաս, ուրեմն միակ ինստիտուտը որի վրա նա պետք է հույս դնի, անդեմ պետությունն է, և ոչ թե ընտանիքը, տոհմը, ախպերությունը և այլն:
Հիմա խնդիրն այն է, որ եվրասիականության բազում տեսաբաններ (օրինակ` Դուգինը) հայերիս նույնպես նրանց մաս են համարում, ու իսկապես հավատում են դրան: Մեր որոշ վերլուծաբաններ ու հրապարակախոսներ, ոգևորված եվրասիականների մտքերով, հակադրում են եվրասիականությանը բնորոշ արժեքները եվրոպականին` մեզ համարելով ոչ եվրոպական: Էստեղ մենք քաղաքակրթական տեսանկյունից կողմնորոշվելու խնդիր ունենք` մենք եվրասիական հորդայի արժեհամակարգի կրող ենք, թե եվրոպական էգոիզմի: Երկուսն էլ մի բան չեն, բայց մենք էլ հակադրելու բան չունենք մեծ հաշվով: Սա լուրջ խնդիրա, որը պետք է պատշաճ ուշադրության արժանանա մեր հումանիտարների կողմից, որոնք առանց պետական աջակցության ուղղակի չեն աշխատի (չեք հավատա, բայց իրանք էլ տուն տեղ ունեն): Սա ՏՏ ոլորտը չի, որ կարողանա ինքնաֆինանսավորվել, բայց ոչ պակաս կարևոր ոլորտ է, որին եթե ուշադրություն չդարձնենք, կորչելու ենք գրողի ծոցը` էդպես էլ չիմանալով, թե ով է մեղավոր և ինչ անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել