Բանակն այս տղու ջինջ ու խաղաղ աչքերն են՝ աչքեր, որոնք հենց այս պահին ամեն վարկյան նայում են սահմանից այն կողմ, որպեսզի մենք խաղաղ քնենք: Բանակն այս տղու նման մնացած երիտասարդ զինվորներն ու սպաներն են, ովքեր կարոտը սրտներում, զենքը ձեռքներին դուխով կանգնած են թշնամու առաջ: Նրանք ոչ թե իշխանությունների, ոչ թե ընդդիմության, ոչ թե փողի, այլ սեփական ծնողների, իրենց սիրած աղջիկների, երեխաների համար են կանգնած այնտեղ ու քաջ գիտակցում են, որ խաղաղությունը ոչ թե նվիրում են, այլ վաստակում: Բանակն ու հայրենիքը սկսվում են տանից՝ զավակին սպասող հոր անհանգիստ գիշերներից, մոր թաց աչքերից, հորը սպասող երեխայից, սիրած տղուն սպասող աղջկանից, բանակը սկսվում է գիտակից ու կրթված հասարակությունից, ու քանի դեռ մեր հասարակությունը գիտակցում, ցավում ու անհանգստանում է բանակի համար, մենք ցանկացած թշնամու համար անպարտելի ենք: Այս կապուտաչյա զինվորն իմ եղբայրն է, ու ինձ համար հիմա բանակը նա է ու նրա նման տղերքը, ովքեր հիմա մեր խաղաղ առավոտներն են ապահովում: Շնորհավոր, երիտասարդ, բայց հզոր բանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել