Այո՛, որքան ավելի մեծ է երջանկությունը, այնքան ավելի քիչ է դա նկատելի: Հաճախ, սակայն, այն դառնում է սովորական, դառնում առօրեական, նույնիսկ ձանձրալի ու տաղտկալի: Այն դառնում է սովորական մի բան, դառնում օդի նման մի բան, որը շնչում ես, որից շատ կա քո շուրջը, որը, սակայն, թանկ է դառնում միայն այն ժամանակ, երբ այլևս չի բավարարում, և դու սկսում ես շնչահեղձ լինել նրա բացակայությունից… Իմ կարծիքով այդպես էլ երջանկությունն է, երջանկության զգացումը…
Բայց այդ երջանկության և խորը, լուրջ, իրական զգացումների «գերեզմանափորը» հիասթափությունն է ու անտարբերությունը…Հաճախ գուցե նաև խաբված կամ օգտագործված լինելու զգացումը, երբ կարոտին պատասխան ես ստանում անտարբերությամբ ու սառնությամբ, երբ նվիրումի և հոգատարության դիմաց ստանում ես ցավ ու խաբկանք: Անտարբերությունն աստիճանաբար պատճառ է դառնում հիասթափության, իսկ հիասթափվելով դու աստիճանաբար դառնում ես անտարբեր:
Հին ժամանակներում այն մարդուն, ով կորցնում էր սիրելու ունակությունը, ասում էին. «Նա կորցրել է իր հոգին»:
Ի վերջո, հիասթափվել, այսինքն` հուսախաբվել, հուսախաբ լինել, անբավականություն, դառնություն զգալ…Այսինքն՝ հիվանդանում ես, և հոգիդ դատարկվում, չորանում անապատի է նմանվում… Հիասթափություն է, երբ մարդկանց ավելի լավն ես պատկերացնում, քան նրանք իրականում կան, երբ շատ հարազատ մարդիկ հեռանում են քեզանից… Հեռանում հանգիստ ու անտարբեր…
Հիասթափվում ես, ու անցնում են խելահեղ պատրանքներդ, անցնում է գինովությունդ, և հետո լրջանում ես, սթափվում… Լրջանում` արթնանում գլխացավով, իսկ ավելի ճիշտ՝ հոգուդ ցավով՝ մեծ ու անդառնալի… Իսկ հաճախ նաև հիասթափությունը, անտարբերությունը վերափոխվում է արհամարհանքի: Իսկ արհամարհող մարդը, ինչպես ասում են, ոչ կարող է և ոչ էլ կկարողանա հանգստություն գտնել այնքան ժամանակ, որքան շարունակում է ապրել այդ արհամարհանքի զգացումը: Արհամարհանքը հետապնդում է նրան, քանի որ այն արդեն մտել է նրա արյան, նրա հոգու, ուղեղի ու սրտի մեջ և նրա հետ է ամենուրեք, ինչպես սիրո զգացումը նախկինում…
Իսկ դա վերջն է, քանի որ այլևս ոչինչ փոխել չի կարելի… Իսկ դա անտանելի է ու ցավալի… Ես չեմ ուզում կորցնել հոգիս… Հաստատ…

Հ.Գ. Գրել եմ մի քանի ամիս առաջ, ի վերջո որոշեցի այն տեղադրել… Գուցե հետաքրքրի՞ թեման սիրո և երազանքների օրվա կապակցությամբ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել