Սիրելի բարեկամներ,
Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև և հատկապես ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է, նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:
Սակայն պատմական փաստարկման համաձայն՝ Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական սիրո և հավատքի։ Նրա կերպարն իր մեջ մարմնավորում է շիտակություն, քաջություն և քրիստոնեություն՝ սիրո անմնացորդ դրսևորմամբ:
Տարիների ընթացքում տարբեր փորձությունները մարդուն դարձնում են պրագմատիկ և թուլացնում աստվածատուր մեծահոգությունը: Ժամանակը վերցնում է ամեն ինչ՝ թողնելով միայն երազելու և հրաշքին սպասելու հատկությունը: Այն վեր է մեզնից, ու դրա ժլատ չափաբաժիններով սնում ենք մեր սրտերն ու հոգիները: Սիրո տոնը ենթադրում է սիրո խոստովանություն ընդհանրապես… Այն, ինչ կա, այն, ինչ թանկ է, և ինչով սնվում է մեր հոգին: Այս իմաստով և այս տոնի իմաստավորման տեսանկյունից խորհրդանշական է մեր դարաշրջանի հայտնիներից մեկի՝ «ՄԱՐԴԿԱՆՑ ԳՐՊԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏ ԴՐԱԾ» Սթիվ Ջոբսի վերջին պատգամը.
«Բիզնեսի աշխարհում ես հաջողության գագաթնակետին հասա: Շատերը կարժում են, որ իմ կյանքը հաջողության մարմնացում է:
Սակայն, կխոստովանեմ, որ բացի աշխատանքից ես քիչ երջանկություն ունեմ: Ի վերջո, հարստությունը պարզապես կյանքի փաստ է, որին ես սովորել եմ:
Այս պահին ես պառկած եմ հիվանդի մահճակալին ու, հետ նայելով ապրածս կյանքին, ես հասկանում եմ, որ ամբողջ ճանաչումն ու հարստությունը, որով ես այդպես հպարտանում էի, կորցրել են իրենց նշանակությունը վերահաս մահվան առաջ:
Մթության մեջ, երբ ես նայում եմ կենսաապահովման սարքերի կանաչ լույսին ու լսում մեխանիկական բութ ձայնը, մահվան շունչն ավելի մոտիկից եմ զգում:
Այժմ, երբ մենք բավականաչափ հարստություն ենք կուտակել, ճիշտ ժամանակն է մտածել բոլորովին այլ հարցերի մասին, որոնք կապված չեն հարստության հետ...
Կյանքում կան շատ ավելի կարևոր բաներ. ինչ-որ մեկի համար դա մարդկային հարաբերություններն են, ուրիշի համար՝ արվեստը կամ գուցե երիտասարդական երազանքները...
Հարստություն դիզելու մրցավազքը մարդուն խամաճիկ է դարձնում, ինչպես և պատահեց իմ դեպքում:
Աստված մեզ զգացմունքներ է տվել, որպեսզի մենք կարողանանք մեր սերը փոխանցենք մտերիմներին:
Հարստությունը, որը ես ձեռք եմ բերել իմ կյանքի ընթացքում, ես չեմ կարող տանել ինձ հետ:
Այն, ինչ կտանեմ, դրանք միայն սիրուց ծնված հիշողություններն են:
Ահա իրական հարստությունը, որը պետք է հետապնդի Ձեզ, ուղեկցի Ձեզ, ուժ և լույս տա՝ առաջ շարժվելու համար:
Սերը կարող է ահռելի տարածություններ հաղթահարել։ Կյանքը սահմաններ չի ճանաչում:
Գնացեք այնտեղ, ուր ուզում եք գնալ: Հասեք այն բարձունքներին, որոնց ուզում եք հասնել: Այս ամենը Ձեր սրտում ու Ձեր ձեռքերում է:
Դուք կարող եք որևէ մեկին աշխատանքի ընդունել՝ Ձեր փոխարեն մեքենա վարելու, գումար աշխատելու Ձեզ համար։ Սակայն ոչ ոք Ձեր փոխարեն չի կրի Ձեր հիվանդությունները: Ո՞րն է աշխարհի «ամենաթանկ» մահճակալը. հիվանդ մարդու մահճակալը...
Նյութական արժեքները, որոնք մենք կորցնում ենք, կարող ենք կրկին գտնել, վաստակել, ձեռք բերել։ Միակ բանը, որը երբեք այլևս չես գտնի, «կյանքն» է:
Էական չէ՝ ինչ տարիքի եք և ինչ հաջողությունների եք հասել կյանքում. մենք բոլորս էլ կհասնենք այն օրվան, երբ վարագույրը կիջնի...
Ձեր գանձը սերն է, սերն ընտանիքի հանդեպ, Ձեր սիրած էակի, Ձեր սիրելի ընկերների հանդեպ...
Պահպանե՛ք Ձեզ, հո՛գ տարեք ուրիշների մասին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել