ԱԺ նախկին փոխնախագահ

Այս նյութը չէի գրի, եթե իմ կողմից հարգված, Լեւոն Տեր-Պետրոսյանի ջատագով մի լրագրող-վերլուծաբան չգրեր Ֆեյսբուքում, որ Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում իրեն դուր է եկել, եւ գուցե դա, ըստ իրեն, վերջինիս լավագույն ելույթներից է: Ապշեցի, ճիշտն ասած, որեւէ բացատրություն, բացի «սերը կույր է» հայտնի արտահայտությունից, չգտա:

Հետո, որպես միշտ, նույնիսկ ինքս ինձ, քննող ու կասկածող մարդ սկսեցի մտածել, որ ախր ատելությունն էլ կույր է, գուցե չեմ զգում, բայց իրականում ատում եմ Լեւոնին, եւ այդ է պատճառը, որ հերթական անգամ չեմ հավանում նրա ելույթը:

Ասեմ, որ ելույթի տեքստի, ըստ ինձ օբյեկտիվ, կրկնակի զննությունը թողեց ինձ իմ հին կարծիքին, որը կշարադրեմ ստորեւ եւ կփորձեմ մի քանի հատվածների անդրադառնալով հիմնավորել այն: Բայց, անշուշտ, կասկածներս մնում են ուժի մեջ եւ, կարծում եմ, միայն դուք, հարգելի ընթերցողներ, ձեր հավաքական օբյեկտիվությամբ կարող եք վերջնական գնահատական տալ:

Սկսեմ ելույթը լսելուց հետո ձեւավորված կարծիքս ձեզ ներկայացնելով:
Այդ ելույթ-դասախոսության` կողմնորոշումների, հակաարեւմտականության եւ հակառուսականության վերաբերյալ հատվածը, որը ելույթի մեծ մասն էր եւ որում խոսվում է դրանց երեւակայական առկայության եւ դրանով ազգը պառակտելու լուրջ վտանգի մասին, չնչին կապ ունի հայ իրականության հետ եւ նման ելույթ ունենալու ու արհեստական վտանգներ նշելու միակ դրդապատճառը օրերս հրապարակայնացված Օսկանյան-Զուրաբյան խոսակցության գաղտնալսման մեջ Լեւոն Զուրաբյանի արտահայտած մի անզգույշ միտք վնասազերծելու կամ քողածածկելու ձգտումն էր:

Կներեք, բայց միտքս ապացուցելու համար ստիպված եմ մեջբերել այդ հատվածը:
Լեւոն Զուրաբյանն ասել է. «Կոնգրեսը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ,  կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, այսպես ասեմ էլի, ոչ հակառուսական հատվածում, մի քիչ էլ տենց արևմուտքին քննադատելով, որ ինքը աչք ա փակում այս ամեն ինչի վրա ու նաև կարողանում էր ինչ-որ ձևով ասել, որ դե մարտավարություն ա, ԲՀԿ-ի հետ մենք կարանք գնանք սդելկաների, չնայած իրանք էլ են մարտի, չգիտեմ ինչ, բան, հարցեր կան ավելի լավ ա ռեժիմից պոկենք: Սա հաջողվել ա, բայց եթե ինքը չի առաջադրվում, արդեն դառնում ա լրջագույն պրոբլեմ, ու դուք կհայտնվեք 2 ֆրոնտի մեջ»: 

Ինձ համար ակնհայտ է, որ Զուրաբյանը «ոչ հակառուսական հատված» ասելով դիմել է էվֆեմիզմի, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանն է սիրում ասել, նրբասացության: Իրականում, այս դեպքում «այսպես ասեմ էլին», իսկ ընդհանրապես, Կոնգրեսի վերջին 2-3 տարվա գործելակերպը, հուշում են, որ խոսքը լավ էլ պռոռուսական հատվածում պահելու մասին է:
Բայց խոսքն ասվել է, ասվել է «ոչ հակառուսական», ուրեմն պետք է հնարել հակառուսականության վտանգ, հավասարակշռությունը պահելու համար նաեւ հակաարեւմտականության վտանգ եւ ասել, որ դրանք շատ վտանգավոր եւ մերժելի բաներ են: Ու արդեն այս լույսի ներքո, «քաղաքացիական հասարակությունը ոչ հակառուսական հատվածում պահելը» դառնում է ազգանվեր գործ:

Տեսնենք, թե ինչ փաստարկային շտեմարան է օգտագործում Տեր-Պետրոսյանը: Նա ասում է. «Այսօր որոշ անպատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնել մեր ազգի մեջ, որը ավելի վտանգավոր է: Դա այն է, որ ուզում են մեր ազգը բաժանել արեւմտամետների եւ ռուսամետների`շփոթելով այս հասկացության քաղաքական, արժեքային եւ գաղափարախոսական բաղադրիչը»:
Լո՞ւրջ: Այդ ո՞վ են այդ անպատասխանատու մարդիկ: Այդ որտե՞ղ են այդ փորձերն արել, որ ես` կարծես հայաստանյան անցուդարձին համակ ուշադրությամբ հետեւող մեկը, չեմ նկատել դրանք: Եթե ինչ-որ շեղում կա մեր ազգի մտածողության մեջ, ապա դա խորհրդային անցյալով պայմանավորված կույր ռուսասիրությունն է եւ նույնով պայմանավորված կույր խոնարհումը արեւմտյան փոփ-մշակույթի, մոդայի ու ապրելակերպի նկատմամբ: Բարեբախտաբար, երկաթյա վարագույրի վերացումից հետո երկու շեղումներն էլ մարման միտում ունեն:
Լիովին համաձայն եմ հռետորի հետ, երբ նա ասում է այլ երկրների գործակալների մասին. «Ես գիտեմ այդ մարդկանց մոտիվացիան, նրանք իբր թե արժեքներից են խոսում, իբր թե քաղաքական կողմնորոշումներից են խոսում, բայց ավելի շատ նկատի ունեն այլ բան` դրանք ավելի շատ գործակալական կողմնորոշումներ են, քան արժեքային կամ քաղաքական:
Նույնը վերաբերում է նաեւ, այսպես կոչված, ռուսամետություն քարոզողներին, նրանց մոտ էլ արժեքներն ու գաղափարախոսությունը չէ, որ առաջնորդում է, այլ գործակալական մոտիվացիան»:

Բայց տեսեք, պարզվում է առաջին նախադասությունը «արեւմտամետ գործակալների» մասին էր: Ովքե՞ր են դրանք: Կրեմլի եւ անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի գործակալ Գեղամյանի, զառամյալ կոմունիստների  ու մի քանի պատանի սրիկաների մասին գիտենք, բա արեւմտամետ գործակալներն ովքե"ր են: Կարծես թե, որքան էլ կողմնորոշումները վտանգավոր համարենք, եվրաինտեգրմանը, կողմ են եւ գործող իշխանությունները (գոնե առերես), եւ հասարակությունը եւ նուjն ՀՀՇ-ն: Հիշեցնեմ, որ անկեղծորեն կողմ էր նաեւ մեր, նախկին, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը եւ եվրաինտեգրման պրոցեսներին սկիզբ է դրվել հենց մեր օրոք: Հանկարծ ասվածը չընթերցվի այնպես, որ արեւմտամետ գործակալներ եւ հակառուսներ են նրանք, ովքեր մերժում են մաքսային միությունն ու Եվրասիական ուղին: Այդպես արդեն շատերս կկոչվենք հակառուս գործակալներ:

Իմ անհամաձայնությունը պետք է հայտնեմ նաեւ ելույթում Իսրայելի վերաբերյալ բերված օրինակի կապակցությամբ:

Մեջբերեմ. «Դուք տեսնում եք այսօր Իսրայելը, որը բացարձակապես կողմնորոշված է դեպի ԱՄՆ-ն: Եւ ի՞նչ. 50 տարի է՝ գտնվում է պատերազմական վիճակում՝ շրջապատված է թշնամիներով: Ի՞նչ եք ուզում` Հայաստանն էլ այդ վիճակում հայտնվի՞»:

Նախ, անշուշտ, կհամաձայնեք, որ Իսրայելը տնտեսապես զարգացած, ժողովրդավար, բնակչության բարձր կենսամակարդակ ապահովող երկիր է, ունի շատ մարտունակ բանակ, հզոր սպառազինություն եւ, ամենակարեւորը, պայքարի պատրաստ, երկիրը չլքող ժողովուրդ: Այնպես որ, տրված հարցին իմ պատասխանը դրական է`այո՜, կերազեի, որ Հայաստանը այդ վիճակում հայտնվեր:
Երեւի պարզ է նաեւ մեջբերածիս ենթատեքստը եւ զուգահեռները Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ: Իսրայելը չի գնում փոխզիջումների թշնամի արաբական երկրների հետ եւ դրա արդյունքում հայտնվել է ԱՄՆ-ից միակողմանի կախվածության մեջ ու 50 տարի պատերազմում է:
Այսինքն` գործ ունենք նորից հին բանաձեւի հետ`ցանկացած գնով պետք է գնալ փոխզիջումների եւ հաստատել արժանապատիվ եւ կայուն խաղաղություն:

Լավ, ի՞նչ փոխզիջումների է համաձայն Հզբոլան, որը մերժում է Իսրայել պետության գոյության իրավունքն իսկ: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Ադրբեջանը, որը ամբողջ Հայաստանն է համարում պատմական ադրբեջանական տարածք: Ո՞վ է կասկածում, որ նույնիսկ հրեաների կողմից կրակի դադարեցումը որպես իր հզոր հաղթանակ տոնող Հզբոլան կբզկտի ու կվերացնի հրեական պետությունը առաջին իսկ հնարավորության դեպքում: Ո՞վ է կասկածում, որ քնած հային նենգաբար սպանող սպային հերոսացնող Ադրբեջանը նույնը չի անի:  Եկեք, կլինի՞, փոխզիջումներից խոսենք միայն այն ժամանակ, երբ դրանք մեզ կառաջարկեն, կամ մեր առաջարկածը կընդունեն, այլապես խոսք կարող է լինել միայն միակողմանի, կործանարար զիջումների գնալու մասին:

Թերեւս այսքանը: Բայց նյութս ավարտեմ Տեր-Պետրոսյանի հետեւյալ մտքի հետ լիակատար համաձայնությունս հայտնելով: Այդ մասին ես էլ եմ առիթ ունեցել խոսելու մեկ-երկու հարցազրույցներում:
Մեջբերում եմ. «Թյուրիմացություն է, որ այսօր ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, անգամ նախագահ ընտրել իր սեփական կամքով, եւ որ իբր թե նախագահ պետք է նշանակվի կա՛մ ԱՄՆ-ից, կա՛մ` ՌԴ-ից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել