Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հրավիրած հերթական խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ մարզերի հիմնախնդիրներին: Մարզպետներից բացի հանդիպմանը մասնակցեցին պատկան մարմինների ղեկավարները: Քննարկվեցին մարզպետարանների գործունեությանը, մարզերում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստությանն առնչվող և այլ հարցեր:

Անցած տարի կառավարությունը որոշումներ է կայացրել մարզերի հրատապ լուծում պահանջող շատ խնդիրների վերաբերյալ: Մարտի 19- ի նիստում Լոռու, Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հրատապ լուծում պահանջող ճանապարհների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով 2015թ. 4- րդ եռամսյակում նախատեսված 500 մլն դրամից 251 մլն դրամը տրամադրվեց Լոռու, 50 մլն դրամը՝ Սյունիքի, 208 մլն դրամը՝ Արարատի մարզպետարաններին:

Հաջորդ՝ մարտի 25- ի նիստում, գործադիրը վերաբաշխում կատարեց այդ տարվա պետբյուջեում, որպեսզի ամբողջությամբ կատարվեն պետբյուջեով 7 մարզպետարաններին հատկացված ավելի քան 1,5 մլրդ դրամով իրականացվելիք մշակութային, մարզական և կրթական օբյեկտների նորոգման ծրագրերը:
Ավելի ուշ՝ հուլիսի 2- ի նիստում, երկրի մարզերի հրատապ հիմնախնդիրները լուծելու նպատակով կառավարությունը մարզպետարաններին հատկացրեց 4,4 մլրդ դրամ, որն ուղղվեց առաջնահերթ նշանակություն ունեցող դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ նպատակներին: Նույն ամսին կայացված մեկ այլ որոշմամբ Տավուշի մարզի ճանապարհների բարելավման, զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծման համար մարզպետարանին հատկացվեց 973 մլն դրամ:
2015- ի օգոստոս ամսին որոշում ընդունվեց նախորդ տարի Գյումրում գործարկված տեխնոլոգիական կենտրոնի օրինակով իրականացնել Վանաձորի համանման կենտրոնի հիմնումը: Այլ մարզերում ևս նախատեսվեց ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ և ձևավորել դրանց միասնական ցանց:

Միայն մեկ՝ 2015թ. հոկտեմբերի 8- ի նիստում կառավարությունն ավելի քան 6,5 մլն դրամ հատկացրեց Թալինի հեղեղատարի քանդված հատվածների նորոգման և հունի մաքրման, 25 մլն դրամ՝ Տավուշի մարզի Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով, հավանություն տվեց Արմավիրի մարզում աղբի մշակման գործարան կառուցելու և ջերմոցային տնտեսություն հիմնելու 33 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագրին: Նոյեմբերի 26- ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին, որով նախատեսվեց ֆինանսավորել Վեդու ջրամբարի շինարարությունը, դեկտեմբերի 3- ի նիստում որոշվեց Վայոց ձորի մարզում ներդնել հեմոդիալիզի բուժծառայություն, որը կսպասարկի նաև հարևան բնակավայրերին:

Սա մարզերի զարգացմանը նպատակաուղղված ձեռնարկումների լրիվ ցանկը չէ: Մարզերում իրականացվում են ֆինանսավորման տարբեր աղբյուրների կիրառմամբ բազմաթիվ այլ ծրագրեր ևս, որոնք, անկասկած, տալիս են և ապագայում էլ կտան իրենց արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել