«Ֆուտբոլի ժամը» հաղորդման հյուրն էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Այն, որ պարոն Սուքիասյանը բարձրակարգ մարզիչ է Հայաստանի պայմաններում, աներկբա է, բայց որպես հավաքականի գլխավոր մարզիչ, կարծում եմ, բավականին թույլ է: Հիմա շատերը կսկսեն քննադատել ինձ, բայց ես իմ տեսակետն եմ ներկայացնում. այս շրջափուլում ևս մեր ընտրանին անելիքներ չունի և աջ ու ձախ միավորներ է բաժանելու՝ լինելով ցանկալի մրցակից մեր խմբի ցանկացած հավաքականի համար: Ամբողջ հաղորդման ժամանակ պարոն Սուքիասյանը փնտրում էր առիթներ, որպեսզի բարձրաձայնի, որ հավաքականի կազմի վերաբերյալ միան իր որոշումներն են լինելու, և որ խաղալու են այն ֆուտբոլիստները, ովքեր ունեն խաղային փորձ: Գերակշռելու են տեղացի ֆուտբոլիստները, մասնավորապես, բացի «Ուլիսից», առաջնության բոլոր ակումբներից կլինեն հրավիրված ֆուտբոլիստներ: Եղան ակնարկներ Յուրայի, Օզբելիսի, Մարկոսի հասցեներին, բայց չպետք է մոռանալ, որ այս տղաներն անգամ մեկ ոտքով խաղալու դեպքում 100 գլուխ ավելի զորեղ են, քան մեր առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները՝ միասին վերցրած, ում այդքան գովերգում է պարոն Սուքիասյանը: Ուղղակի զարմանալ կարելի է՝ նման ֆուտբոլային պատկերացումներով օժտված մարզչին ինչպե՞ս կարելի է հավաքական վստահել: Բոլորիս է հայտնի, որ մեր առաջնությունն անգամ սիրողական մակարդակ չունի, ասացեք խնդրեմ՝ այդ ի՞նչ որակների հաշվին պետք է հավաքական հրավիրվեն մեր առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները: Եթե մենք ցանկանում ենք ամեն խաղից հետո կրկնել «ցավոք, այս անգամ էլ պարտվեցինք» արտահայտությունը, ապա պարոն Սուքիասյանի մոտեցումը բավականին ճիշտ է, իսկ եթե ցանկանում ենք դիտարժան, կոմբինացիոն, գրագետ, կարճ միջին փոխանցումներով ֆուտբոլ խաղալ, ապա պիտի զերծ մնանք տեղացի ֆուտբոլիստների վրա հույս դնելուց, քանի որ տեղացի ֆուտբոլիստներով մենք անգամ ի զորու չենք լինի հաղթելու Ջիբրալթարի ընտրանուն: Եվ վերջում պիտի առանձնացնեմ մեկ կարևորագույն փաստ. խոսքս վերաբերում է գլխավոր մարզչի և ֆեդերացիայի նախագահի իրարամերժ հայտարարություններին: Երեք անգամ պարոն Սուքիասյանին հարց տվեցին Արմեն Նիկողոսյանը և Էդուարդ Քլանթարյանն այն մասին, թե մեր ընտրանին կկարողանա՞ նվաճել աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր, և երեք անգամ էլ հնչեց նույն պատասխանը. «Իմ նպատակն է ֆուտբոլասերին բերել խաղադաշտ, ես մաքսիմալիստ եմ, ես եմ որոշելու կազմը, իմ ցանկությամբ է լինելու»: Մինչդեռ պարոն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե մեր ընտրանին այս անգամ էլ ձախողի, և մենք չնվաճենք ուղեգիր, ապա հրաժարական է տալու: Մի խոսքով, կատարելով վերլուծություն, գալիս եմ մի եզրահանգման. այս անգամ ևս մենք ձախողելու ենք, և ցավալին այն է, որ մենք, ունենալով հիանալի կազմ, չենք կարողանում հաղթել և հասնել բաղձալի նպատակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել