ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2015թ. այն որոշման մեջ, որով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Նման համայնքների ցանկ են ներառվել Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքները: Որոշման ընդունումը պայմանավորված է սահմանամերձ համայնքների տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Նախորդ որոշման համաձայն՝ արտոնությունից կարող էին օգտվել միայն գյուղական բնակավայրերը: Մինչդեռ շատ հաճախ սահմանամերձ քաղաքային և գյուղական համայնքում իրականացվող գործունեությունը մեկ ընդհանուր արտադրական գործընթաց է, և նպատակահարմար չէ տարաջատել, թե արտադրական գործընթացի որ մասն է իրականացվում գյուղական համայնքում, և որը՝ քաղաքային:
Կառավարության հաստատած սահմանամերձ համայնքների ցանկ է ներառվել 9 քաղաքային համայնք՝ Ճամբարակ, Վարդենիս, Գորիս, Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ, Նոյեմբերյան, Բերդ: Սակայն մարտական գործողություններից առավել տուժած քաղաքներ են համարվում Բերդը և Ճամբարակը, ուստի դրանք էլ ներառվել են արտոնությունից օգտվողների ցանկ:
Արտոնության սահմանումը նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսվարող սուբյեկտների համար սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալելու տեսակետից: Մասնավորապես՝ «Տավուշտեքստիլ» ՍՊԸ-ն նախատեսում է մեր երկրի սահմանամերձ Չորաթան, Արծվաբերդ, Պառավաքար, Այգեձոր գյուղերում սկսել տեքստիլ ապրանքների լայնածավալ արտադրություն: Ընկերության գործունեության արդյունքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ստեղծվելու են մի քանի գործարան, ինչպես նաև մինչև 1 հազար աշխատատեղ. դրանց թիվն ապագայում նախատեսվում է հասցնել 2 հազար 500-ի:
Որոշման նախագիծը կառավարության քննարկմանն էր ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ նպատակ ունենալով երկրի սահմանամերձ համայնքներում ակտիվացնել տնտեսական գործունեությունը, տարածքային զարգացումը, ապահովել բնակչության զբաղվածությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել