«Արտահանման խթանումը մեր երկրի տնտեսական քաղաքականության առանցքային վեկտորներից է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Տեղին է նշել, որ վերջին շրջանում կառավարությունը սկսել է շատ ավելի մեծ տեղ հատկացնել այս խնդրին:
Հունվարի 4-ին կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ վարչապետը հավանություն տվեց արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությանը: Այն կզբաղվի և´ երկարաժամկետ խնդիրներով, և´ համապատասխան ծրագրերի հիման վրա սեղմ ժամկետում օպերատիվ աջակցություն կցուցաբերի արտահանող ընկերություններին:
Ըստ տնտեսագետի` այդ խորհուրդը, հիմք ընդունելով տարբեր հետազոտությունների, վերլուծությունների տվյալներ, պետք է մի կողմից զբաղվի արտահանման խթանման ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներով, մյուս կողմից էլ Կառավարությանն առաջարկներ ներկայացնի ընթացիկ ծրագրերի իրականացման համար: Գործունեության հիմնական նպատակը պետք է լինի արտահանող ընկերություններին անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը:
«Արտահանման ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր է պետության և գործարար միջավայրի համագործակցված աշխատանքը: Բիզնեսն ավանդական իրացման շուկաների կորուստը փորձում է փոխհատուցել՝ նոր շուկաներ մուտք գործելով:
Արտահանման ավելացման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, խնդիրը պետք է ոչ թե հատվածական լուծվի՝ ժամանակ առ ժամանակ դրան անդրադառնալով և համապատասխան որոշումներ կայացնելով, այլ դա պետք է անել կոմպլեքս եղանակով»,- նշել է Կ. Խաչատրյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել