Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը նշել են հունվարի 6-ին։ Սակայն նույնիսկ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են հեթանոսական տոներ նշել։ Այդ ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում եւ գրեթե ողջ արեւելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվել է դեկտեմբերի 25-ը, իսկ հունվարի 6-ը մնացել է որպես Տիրոջ Աստվածահայտնության եւ Մկրտության օր։ Այսպիսով Կաթոլիկ եկեղեցին մինչ օրս Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Եվ միայն առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է, որ հավատարիմ է մնացել հնագույն ավանդությանը` հունվարի 6-ին միասնաբար նշում է Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին՝ երեկոյան. պատարագ է մատուցվում, որը կոչվում է Ճրագալույցի Պատարագ:
Հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, առավոտյան մատուցվում է Ծննդյան պատարագը: Ապա անցկացվում են Քրիստոսի Մկրտության տոնը՝ Ջրօրհնեքի արարողությամբ:
Ջրի մեջ սուրբ Մեռոն է ավելացվում, և ջուրն օրհնվում է աղոթքով: Ավանդույթի համաձայն, արարողությունից հետո հավատացյալները օրհնված ջրից տանում են տուն: Ջուրը կոչվում է մկրտված և հիվանդների համար՝ բուժական միջոց, քանի որ սուրբ ջուրն օժտված է բարերար առանձնահատկություններով: Մկրտված ջուրը պահպանում են և նրան վերաբերում որպես Մեծ սրբության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել