Սիրելի ընկերներ,
Անցնող տարվա վերջին օրը հաճախ մեզ զբաղեցնում ենք Նոր Տարվա պատրաստություններով, որ ժամանակ չունենանք ետ նայելու և մտաբերելու տարվա ընթացքում մեր առջև դրված նպատակներից քանիսը մնացին և որոնք իրականացան: Այդպես վարվելու պատճառներ ունի մեզնից յուրաքանչյուրն առանձին-առանձին, ինչպես նաև ողջ ազգն ընդհանրապես…
Ամեն տարի դեկտեմբերի վերջին ակտիվանում են Նոր Տարվա հնացած ձևի վերաբերյալ դժգոհությունները: Մասնագետները ցուցանիշներ են ներկայացնում: ԶԼՄ-ները համեմատում են Հայաստանը տարբեր երկրների հետ՝ ի վնաս մեր սովորությունների և թեթև ապրել փորձելու ցանկության բացակայության: Ընտանիքների առավել երիտասարդները նիհիլիզմով են մոտենում հերթական ուտել-խմելու տոնին, բայց ամեն ինչ մնում է նույնը…
Կարծում եմ ժամանակն է մեկընդմիշտ ընդունելու, որ լի ու առատ սեղաններով Ամանորը դիմավորելու ձևը մեզ առանձնացնում է մյուսներից, սա էլ մեր յուրահատկությունն է, մեր դարավոր ու կոփված պատկերացումը կյանքի մասին, տարին ճանապարհելու պատշաճ և օրինակելի մոտեցումը՝ նորը ճոխությամբ սկսելու և այդպես շարունակելու ներքին մղումը:
Քննադատելու, շտկելու, ուղղություններ ցույց տալու ժամկետը սպառված է այսօր:
Մաղթում եմ բոլորիս ուրախ տոներ, փորձություններից հանճարեղ ելքեր գտնելու հնարամտության կրկնապատկում և ազգային յուրահատկություններն ընդունելու ու հպարտանալու քաջություն: Թող բոլորի ընտանիքներում իսկապես տոն լինի և խաղաղաություն…
Շնորհավոր Ամանոր….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել