Գրեթե բոլոր վերլուծություններն ու վերլուծաբանները Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի դեմ ընդվզման տարրեր հայտնաբերեցին այդ ելույթում: Իմ խորին համոզմամբ՝ այդ ելույթում հակառուսական ոչինչ չկար, ավելին՝ վստահ եմ, որ ելույթը Մոսկվայի սրտով էր: Այս ելույթն իրականում Ղարաբաղի հետ այնքան էլ կապ չուներ, և պատահական չէր, որ Նազարբաևն ու Լուկաշենկոն մինչև վերջ սառնասրտորեն լռեցին: Բանն այն է, որ տարիներ շարունակ, երբ մենք ասում էինք, որ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները պարտավոր են արձագանքել ադրբեջանական կրակոցներին գոնե Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն արհամարհական լռում էին, իսկ ռուսներն ու բելառուսները շարունակում էին զենք վաճառել ազերիներին: Ղազախներն էլ երբեք չեն թաքցրել, որ ազերիներին ազգակից, եղբայրական ժողովուրդ են համարում և երբևէ հակաադրբեջանական որևէ քայլ չեն անի: Սակայն երբ Թուրքիան ոչնչացրեց ռուսական ռազմական ինքաթիռը, Կրեմլն արժանացավ նույն արհամարհական լռությանն իր դաշնակիցների կողմից, ինչպես մենք՝ տարիներ շարունակ. բելառուսները լռեցին, որովհետև չցանկացան ռուսների պատճառով Արևմուտքի հետ ավելորդ լարվածության գնալ, ղազախների դրդապատճառները նույնն են՝ թուրքերն իրենց եղբայրներն են: Բարեբախտաբար, մենք էլ կարողացանք դիվանագիտորեն լռել: Այսպիսով, ինչպես ժողովուրդն է ասում, ռուսների սրած բիզը... դե գիտեք՝ ուր մտավ։)) Ռուսաստանը հասկացավ, որ իզուր է ՀԱՊԿ պահում, որովհետև ՀԱՊԿ պահվածքը միայն քմծիծաղ կարող է առաջացնել Արևմուտքում: Եվ ահա այս իրավիճակում հայկական կողմը ՀԱՊԿ-ի հասցեին Մոսկվայում նման գնահատականներ է հնչեցնում: Ավելին՝ Հունաստանի և ՆԱՏՕ-ի օրինակն էլ պատահական չէր բերված հենց ՍՈՒ 34-ի վերաբերյալ: Սա, ըստ էության, կշտամբանք էր՝ ուղղված Բելառուսին և Ղազախստանի Հայաստանի բերանով: Եվ, ցավոք, այս օրինակով ռուսները նաև մասնակիորեն ստացան իրենց ուզածը, այսինքն՝ Հայաստանը թեկուզև այսպիսի օրինակով, բայց դիրքորոշում հայտնեց ռուսական կործանված ինքնաթիռի վերաբերյալ: Ցավոք, Հայաստանին այս ամենից ոչինչ չհասավ, և մեզ կրկին թղթի շերեփով թողեցին։ Եթե ես սխալվում եմ, ուրեմն հաջորդ իսկ միջադեպից հետո Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի որ նման ելույթից հետո դա մինիմումն է, որ մենք պիտի անենք: Ինչպես հասկացաք՝ hակառուսական որևէ բան այստեղ փնտրելն անիմաստ է:
P.S Այլ կայքերի համար նախատեսված չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել