Գերեզմանոցում տրամաբանական լռություն է` մեռելներին հատուկ լռություն: Ամենադժվար բանն էլ` ինձ հարկավոր մեռելին գտնելը: Ոչ ընկեր է, ոչ ծնող, ոչ էլ անգամ մտերիմ, որ հիշեմ գերեզմանի տեղը: Ես ընդհանրապես չեմ հիշում գերեզմանների տեղեր, ես ընդհանրապես չեմ սիրում գերեզմանոցներ:
Դարասկզբի մի առավոտ Սուրոն գարաժում կախվեց: Հակասական, հետաքրքիր օր էր. էդ օրն ինստիտուտ ընդունվեցի: Որ ասեմ Սուրոյին էնքան էի սիրում, որ ընդունվելս իր հիշատակին նվիրեցի, սուտ կլինի, բայց ահագին նեղսրտել էի: Երեխա ժամանակ մի քանի անգամ լուրջ կռիվներից է փրկել, ու դրանցից հատկապես տպավորվել է, երբ թաղի ամենասիրուն ծտերից մեկին էի սիրում, ու սրան սիրում էր նաև թաղապետի շոֆեռի տղեն: Ու միակ մարդը, որ կարողացավ ինձ ու էդ ծտին իրար հասցնել, Սուրոն էր: Սա, ուրեմն, կանչեց իր մոտ էդ վարորդի տղային ու ասաց, որ հեռու մնա աղջկանից, հետո ասաց, որ ես իր ախպերն եմ, ու բոլոր հարցերը տեղում լուծվեցին. թաղապետի շոֆեռի տղեն էլ մեր թաղում չերևաց, իսկ ես, էնպես ստացվեց, որ ծտի աչքերում իսկական տղամարդ դարձա, թեկուզ նրանով, որ մեջքիս թաղի ամենալուրջ դեմքն է կանգնած: Էդ դեպքից մի քանի տարի հետո, երբ էդ ծտից ու էդ դեպքից հիշողություններ անգամ չէին մնացել, Սուրոյին պլան աճեցնելու համար դատեցին: Մի օր էլ բակում մի սև «Վոլգա» կանգնեց, վարորդն իջավ, բացեց հետևի դուռն ու մեջից Սուրոն իջավ: Չգիտեմ` ոնց, ինչ, երբ, բայց ահագին ոտքի էր կանգնել էս մեր ինքնասպան ախպերը, գաղութում, թե գաղութից հետո` գաղափար չունեմ: Ու մի օր էլ, ոնց ասացի, սրան կախված գտան:
Էդ օրերից մեկ ու կես տասնամյակ է անցել: Սուրոյի մասին երևի մենակ տնեցիք են հիշում ու մի երկու-երեք գծերից ընկած գողական: Հիմա ուրիշ ժամանակներ են, հիմա չկան էնպիսի ծտեր, որ շոֆեռի տղերքի վրա հանուն դրանց ժամանակ վատնես, սուրոներ էլ չկան, որ թիկունքիդ լինեն: Ու էդ կիսաանհիշելի ժամանակներից էսքան տարի անց, հերթական ու սովորական մի աշխատանքային օրվա ավարտին հասկանում ես, որ հարյուր գրամը թե չօգնեց, հաստատ չի խանգարի, ու ոտքերդ քեզ տանում-հասցնում են առաջին պատահած տեղը:
… Անաղմուկ, քիչ մարդկանցով ու ցածր երաժշտությամբ բար է. էն, ինչ պետք է: Վաճառասեղանի հետևում կանգնած է երեսունին մոտ, մազերը կապած մի կին:
- Ինձ օղի կտա՞ք,- մոտենում եմ ու նստում նրա դիմաց:
- Հիսու՞ն, թե՞ գրաֆինով:
- Դեռ հիսուն:
Էս տիկնիկը մի քանի վայրկյան ուշադիր նայում է դեմքիս, ասես փորձում է հիշել, հետո մի կում է անում դիմացը դրված մեծ բաժակով կաթով սուրճից, էլի մի քանի վայրկյան նայում ու ուրախացած բացականչում անունս: Գրողը տանի, ծիտն է` դարասկզբի էն ծիտը, որ Սուրոյի թեթև ձեռքով սիրտը նվաճեցի:
- Էս ո~նց ես փոխվել,- ասաց, դուրս եկավ վաճառասեղանի հետևից ու նստեց կողքիս:
- Հա,- ասացի,- բայց դու գոնե ճանաչեցիր ինձ:
- Դու` չէ՞:
- Չէ, անճանաչելի ես դարձել:
Սա իր թիթիզ կոկտեյլներից սարքեց, որ ինձ հյուրասիրի, բայց ես, մեկ է, չդավաճանեցի իմ օղուն, որը ոչ էնքան օղի էր հիշեցնում, որքան ոռոգման ջրով բացած սպիրտ: Լիքը բան մտաբերեցինք, ու մեկ էլ ծիտը, երկուսիս համար էլ անսպասելի, Սուրոյին հիշեց:
- Հիշում ե՞ս, Սամոն քո համար իմ հետևից էկող բոլոր տղերքին մեր թաղից լարում էր,- ծիծաղեց:
- Սամո չէ, Սուրո,- ասացի:
- Սպանեցին, թե ինչ էղավ... չեմ էլ հիշում...
- Կախվեց:
- Հա, ճիշտ ա, հիշեցի, կախվեց... Բա հիշում ե՞ս` մի հարուստ տղա էր ինձ սիրում, հոր մեքենայով գալիս էր մեր բակ,- թաղապետի հովանավորյալին էր հիշել:
- Հոր չէ, հոր շեֆի:
- Լավ, մի խանդի,- հեգնեց,- հա, էդ տղեն էլի... հիշում եմ` քեզ էդ ժամանակ սիրահարվեցի, զարմացել էի` ոնց դրա հետ կռիվ արեցիր:
«Տնաշեն,- մտածում եմ,- Աքիլեսը մի քածի համար Տրոյական պատերազմ սարքեց, մի շոֆեռի լակոտն ի՞նչ էր...»:
Մենք էլի խոսեցինք, էլի հիշեցինք, հետո բարում շատացան հաճախորդները, ես էլ չխանգարելուս ցանկությունը պատրվակ դարձրի, խոստացա էլի գալ ու դուրս եկա: Ամբողջ գիշեր Սուրոյի մասին էի մտածում` ինքս էլ չհասկանալով պատճառը: Առավոտյան կողմ հազիվ կարողացա աչք փակել, կեսօրին էլ արթնացա ու որոշեցի այցելել Սուրոյի գերեզմանին:
... Գերեզմանոցի տհաճ լռության ու գերեզմանոցանման տխուր վայրեր չսիրելու մասին, ուրեմն, արդեն ասել եմ երկու խոսքով, ու ասել եմ նաև, որ ոչ մի կերպ չէի կարողանում գտնել Սուրոյի գերեզմանը: Մոտավորապես հիշում եմ տեղը, թաղմանը եղել եմ, ի վերջո, բայց ընդամենն այդքանը: Գերեզմանոց բարձրացող ոտքի ճանապարհը հողոտ է, չփոշոտվելու համար դանդաղ եմ բարձրանում: Դարպասների մոտ յոթ-ութ տարեկան մի աղջնակ գարեջրի արկղից սեղանիկ է սարքել, մոմ ու խունկ է ծախում:
- Խունկ պետք չի՞,- հարցնում է, երբ մոտենում եմ մուտքին:
Մի պահ կանգնում եմ, ուշադիր նայում եմ նրան, էնքան սիրուն աչուկներ ունի:
- Չէ,- ասում եմ` ժպտալով,- պետք չի:
- Իսկ փա՞յտ:
- Ի՞նչ փայտ:
- Դե խունկ վառելու համար էլի,- ասում է ու թաթիկներով վերցնում սեղանիկին դրված բարակ փայտի կտորը:
- Չէ, ես խունկ չեմ վառելու:
- Լավ, դու գիտես:
Շարունակում եմ քայլել: Ուզում եմ ծխել, բայց տեսնում եմ, որ ծխախոտիս տուփը դատարկ ա: Հետ եմ գալիս փոքրիկի մոտ:
- Իսկ սիգարետ չես ծախու՞մ:
- Սուպերմարկետ չի, ձաձա, գերեզմանոց ա:
Ծիծաղում եմ:
- Անունդ ի՞նչ ա,- հարցնում եմ:
- Լոլո:
- Լոլո՞:
- Հա:
- Ծննդականիդ մեջ հենց էդպես էլ գրած ա՞:
- Ես շատ իմանամ որտեղ ինչ ա գրած, իմ անունը Լոլո ա, ինձ տենց են ասում բոլորը:
Երեխային նյարդայնացրեց իմ հետաքրքրասիրությունը:
- Լոլո, ինձ մի գերեզման ա պետք գտնել, կօգնե՞ս:
- Ի՞նչ գերեզման:
- Էստեղի գերեզմաններից:
- Գիժ ե՞ս,- տնկում է ցուցամատը,- ստեղ մազերիս չափ մեռել կա, որտեղի՞ց իմանամ:
- Փաստորեն, չես կարող օգնել ինձ:
- Հարուստի գերեզման ա՞,- հարցնում է:
- Ի՞նչ կապ ունի:
- Դե էդ հարուստների գերեզմանները գիտեմ, իրանց բարեկամներն ինձ փող են տալիս, մաքրում եմ:
Չգիտեմ` ինչու, բայց սիրեցի Լոլոյին:
- Արի գնանք-գտնենք,- ասում եմ,- երևի հարուստ ա էլի:
- Ու՞ր գամ: Էսքան ապրանքը ո՞նց թողնեմ ստեղ:
- Ես քո ամբողջ ապրանքն առնում եմ, Լոլո:
- Գիժ ա... էսքան խունկն ի՞նչ ես անելու:
- Չգիտեմ,- ասում եմ,- մի բան կանեմ:
- Ստեղ ամենաքիչը էրկու հազար դրամի ապրանք կա:
- Ես քեզ հինգ հազար եմ տալիս, արի:
- Սկզբից փողը տուր, որ գամ:
Դրամապանակիցս հինգ հազարանոցը չհանած` Լոլոն թռցրեց ձեռքիցս:
- Սպասի,- ասաց,- բա էս ապրանքն ի՞նչ անենք հիմա:
- Թող էստեղ,- ասացի:
- Բա որ գողանա՞ն…
- Իմ ապրանքը չի՞,- ասացի,- առել եմ, չէ՞, մի բան էլ ավել եմ տվել: Գնացինք:
Ես ու Լոլոն ահագին քայլեցինք, բայց էդպես էլ չկարողացանք գտնել Սուրոյի գերեզմանը: Էդ պահին, անկեղծ ասած, Սուրոյի գերեզմանն արդեն հետաքրքիր էլ չէր: Ես էս փոքրիկ խելառով էի տարված, անընդհատ ուզում էի խոսել հետը:
- Բա որտե՞ղ ես ապրում,- հարցրի, երբ հասանք Լոլոյի սեղանիկի մոտ:
- Պահակի բուդկում,- ասաց` ձեռքով ցույց տալով փոքրիկ վագոնը:
- Ծնողներ ունե՞ս:
- Չէ, մամաս ինձ ունենալուց ա մեռել, պապայիս էլ թուրքերն են սպանել:
- Ե՞րբ են սպանել:
- Չեմ հիշում, բայց ձմեռ էր:
- Դե գնացի, Լոլո, հաջող:
- Բա կոֆե չես խմու՞մ:
- Կոֆե՞,- զարմացա:
- Հա, արի գնանք բուդկա, կոֆե տամ քեզ:
- Դու կոֆե ե՞ս խմում:
- Չէ, բայց գիշերը, որ Գառնիկ պապին գալիս ա, իրա համար ես եմ կոֆե սարքում:
- Գառնիկ պապին ո՞վ ա:
- Ստեղի պահակն ա... Վա~յ, ինչքան շատ հարց ես տալիս, գալիս ե՞ս:
Լոլոն ինձ համար սուրճ պատրաստեց:
- Միրգ չունեմ, կներես,- ասաց:
Սկսեցի բարձր ծիծաղել:
- Ինչի՞ ես ծիծաղում,- զարմացավ:
- Հեչ,- ասացի,- բայց տես, սիգարետս վերջացել ա, առանց սիգարետ սուրճ չեմ խմում... բայց լավ… քո խաթր կխմեմ:
Լոլոն բացեց կողքին դրված պահարանն ու մի քանի վայրկյան փնտրտուքներից հետո գտավ պահակի ծխախոտի հոգեպահուստը:
- Առ, ծխի,- մեկնեց ինձ սիգարետի տուփը,- Գառնիկ պապիինն ա:
Աչքս ընկավ պահարանի գլխին փոքրիկ շրջանակի մեջ դրված մի նկարի. երիտասարդ տղա էր` զինվորական համազգեստով: Լոլոն նկատեց, որ մի քիչ երկար նայեցի ու ասաց.
- Պապաս ա... Գիտես, չէ՞, ինքը մեդալ ունի, համ էլ ինքը էս գերեզմանոցում չի, էն զինվորների գերեզմանոցում ա:
- Եռաբլուրու՞մ:
- Չգիտեմ... էն որ զինվորներին թաղում են, այ էդ գերեզմանոցում ա:
Լոլոյի պես մեծ երեխա առաջին անգամ էի տեսնում: Մի քիչ էլ նստեցի, զրուցեցինք, ու դուրս եկա:
- Լոլո,- ասացի գնալուց առաջ,- կթողնե՞ս էլի գամ քեզ տեսնելու:
- Գալիս ես, արի,- անտարբեր նետեց Լոլոն,- ես միշտ ստեղ եմ:
Լոլոն մտքիցս դուրս չէր գալիս: Սուրոն, ծիտը, մանկությունս ու մնացած անկարևոր բաները հանել էի մտքիցս ու անընդհատ մտածում էի էս փոքրիկի մասին: Ո՞վ էր էս փոքրիկը, ո՞վ է եղել հայրը, կամ ո՞նց է եղել, որ էս հրեշտակը մեռելների պահապան է դարձել, ո՞վ է էդ Գառնիկ պապը, որի հետ ապրում է էս պուճուրը: Ու էս բոլոր մտքերն ինձ մենակ մի տեղ կարող էին տանել` Էդոյի մոտ:
Էդոն հին ընկեր էր: Փոքրիկ գարեջրատուն ուներ, որտեղ հաճախ էի լինում, մանավանդ էն օրերին, երբ ցրվելու կամ խոսելու կարիք էր լինում: Ամեն գնալուցս Էդոն, բան ու գործ թողած, նստում էր կողքիս ու հետս գարեջուր էր խմում: Էդ երեկոն էլ բացառություն չէր: Էդոյի հետ խոսեցի Լոլոյի մասին, երկար խոսեցի, Էդոն էլ հետաքրքրությամբ լսում էր::
- Ինչ էլ անուն ա,- ասաց,- Լոլո:
- Դե հո հենց Լոլո չի, կարող ա Լիլիթ ա կամ նման մի բան:
- Ուզում եմ` տեսնեմ էդ էրեխուն,- ժպտաց,- ունիկալ տիպ ա, ոնց հասկանում եմ:
Հաջորդ օրը Էդոյի հետ գնացինք Լոլոյի մոտ: Նրա համար խաղալիքներ էինք առել, չնայած` վստահ չէինք, թե դրանք Լոլոյին հետաքրքիր կլինեն: Տնակում հանդիպեցինք նաև Գառնիկ պապին` ծերուկին, ով խնամում էր Լոլոյին կամ ում Լոլոն էր խնամում: Էդ օրը «ոտքներս խերով» էր գերեզմանոցում, Լոլոյի առևտուրը լավ էր ընթանում, ու մինչ նա խունկ ու մոմ էր վաճառում սգավորներին, ես ու Էդոն զրուցում էինք Գառնիկ պապի հետ:
- Ես էս քյոռփին պատահական եմ գտել, տղերք ջան,- պատմում էր ծերունին,- ես ամեն գիշեր ստեղ եմ լինում, առավոտները գնում եմ տուն: Մի օր էլ տուն գնալուց սրան տեսա, գերեզմանոց էկողներից հացի փող էր հավաքում: Մեղքս տվեց, ոչ ապրելու տեղ ուներ, ոչ հարազատ: Մերը ծննդատանն ա մեռել սրան ունենալուց, հորն էլ սահմանին խփել են: Ղարաբաղում պայմանագրային ծառայող էր, ասում են: Մի տատ ուներ, որ սրան պահում էր, էդ էլ տղու մահից հետո հազիվ կես տարի ապրեց: Հիմա պապ ու թոռի պես ստեղ ապրում ենք,- դառը ժպտաց ծերուկը:
Էդոն մի ծխախոտ վառեց ու դիմեց ծերունուն:
- Ախր, այ պապի ջան, մեղք ա էս էրեխեն, էստեղ նույնիսկ զուգարան չկա: Ավելի լավ չէ՞ր մանկատուն տանեիր:
- Ուզում էի, շատ եմ համոզել, ասել եմ, որ անընդհատ կգնամ, կտեսնեմ իրան, բայց էրկու ոտը մի կոշիկ ա դրել, չի ուզում` լսի էդ մասին:
Քիչ հետո Լոլոն եկավ ու մեզ համար սուրճ պատրաստեց: Մենք մի քիչ էլ նստեցինք ու գնացինք: Էդ օրվանից իմ ու Լոլոյի հանդիպումներն ավելի հաճախակի դարձան, շաբաթը մեկ-երկու անգամ գնում էի նրան այցելության, երբեմն Էդոյի հետ, երբեմն առանց նրա: Ծերուկը չափից ավելի ուշադիր էր նրա հանդեպ, ոչ մի ծնող, կարծում եմ, սեփական զավակին էդքան սեր ու ուշադրություն չի տվել, որքան ծերուկն էս մեծացած-փոքրացած առևտրականին: Լոլոն մեծի պես լսում և հասկանում էր ամեն բան, հոր մահն էր անգամ հասկանում, ու անընդհատ և բոլորին պատմում էր, որ իր հայրը զինվորների գերեզմանոցում է թաղված ու մեդալ ունի: Թե քանի գրոշի արժեք ուներ հոր մեդալը կամ պատվո մեռելատանը թաղված լինելը, երբ էս փոքրիկն ուտելուց բացի ուրիշ ոչինչ չի հիշելու իր մանկությունից, ինձ համար էդպես էլ անհայտ մնաց, բայց կարևորն իմ հասկանալը չէր, այլ նրա, իսկ նա հասկանում էր:
- Լոլո, քո ծնունդը ե՞րբ ա,- հարցրի հերթական հանդիպումներից մեկի ժամանակ:
- Եսիմ` երբ ա: Տատիս գիտեր, մեկ էլ պապաս: Բայց ոնց որ գարունն ա:
Ու քանի որ Լոլոն ծննդական չուներ, համենայն դեպս, Գառնիկը չգիտեր, թե երբ ու որտեղ է այն անհետացել, մենք որոշեցինք գարնան առաջին օրը համարել նաև Լոլոյի ծննդյան օրը: Ու մի մարտիմեկյան առավոտ ես գնացի գերեզմանոց, շնորհավորեցի նրա ծնունդը, նոր հագուստ նվիրեցի ու Գառնիկի թույլտվությամբ` Լոլոյին տարա ինձ հետ:
- Բա ու՞ր ենք գնում,- հարցրեց, երբ տաքսիի մեջ էինք:
- Ռեստորան,- ասացի,- էսօր ծնունդդ ա, գնում ենք` նշենք:
Լոլոյի ծննդյան օրը, փաստորեն, համընկավ նաև էն օրվա հետ, երբ Լոլոյի հորից էապես տարբեր մի քանիսը խփվեցին քաղաքում, ու հիշատակի, թե քաղաքական երթի պատճառով մենք խցանման մեջ ընկանք, ու որոշեցինք թողնել տաքսին, ոտքով ավելի շուտ տեղ կհասնեինք:
Նոր շորերի մեջ ու ռեստորանի լույսերի տակ Լոլոն իրեն էդքան էլ հարմարավետ չէր զգում: Երբ բերեցին ուտելիքը, Լոլոն էնպես սկսեց օգտվել սպասքից, ասես ամբողջ կյանքը ռեստորաններում է ապրել: Այդ երեկո մենք լավ ուրախացանք: Վերջում մատուցողին խնդրեցի շամպայն պայթեցնել:
- Հետս շամպայն կխմե՞ս,- հարցրի:
- Չէ,- ասաց,- չի կարելի, մի անգամ Գառնիկ պապիի արաղից թաքուն խմեցի, տեսավ, խփեց տուտուզիս:
Ռեստորանից դուրս գալուց հետո ահագին քայլեցինք:
- Հոգնել ե՞ս,- հարցրի:
- Չէ, ընդհանրապես չեմ հոգնել, ուղղակի Գառնիկ պապին կանհանգստանա, արի գերեզմանոց գնանք:
Երբ հասանք գերեզմանոց, իջանք տաքսիից ու սկսեցինք քայլել դեպի տնակ, Լոլոյին ասացի, որ ուզում եմ` ինքն ինձ հետ ապրի:
- Չէ,- ասաց,- ես իմ Գառնիկ պապին կյանքում մենակ չեմ թողնի, այ որ ինքը մեռնի, էդ ժամանակ կգամ:
- Բայց ինչի՞ց ենթադրեցիր, որ պիտի մեռնի,- ծիծաղեցի:
- Դե պապի ա, մարդիկ, որ պապի կամ տատի են դառնում, մեռնում են, չէ՞:
- Վայ, Լոլո,- ծիծաղեցի:
- Համ էլ մենակ պապին չէ, մեռելներիս էլ չեմ կարա մենակ թողնեմ:
Ավելի բարձր սկսեցի ծիծաղել:
- Խի՞ ես ծիծաղում, բա ես եմ, չէ՞, ամեն օր իրանց քարերը մաքրում, ծաղիկները ջրում, չեղա՞վ, որ իմ մեռելներն են…
Երկու շաբաթ կլիներ` Լոլոյին չէի տեսել. գործերս շատ էին: Մի կեսօր էլ, երբ գործերս ավարտեցի էն բարի մոտ, ուր ծիտն էր աշխատում, որոշեցի այցելել նրան: Մի քիչ օղի խմեցի ու պատմեցի Լոլոյի մասին (ընդհանրապես, ես բոլորին պատմում էի Լոլոյի մասին), ասացի ողջ եղելությունը, էն, որ մեր զրույցի հենց հաջորդ օրն ուզում էի Սուրոյի գերեզմանին գնալ, բայց էդպես էլ տեղ չհասա:
- Փաստորեն, էդ երեխային հայրություն ես անում,- ասաց կես կատակ, կես լուրջ:
- Չէ,- ասացի,- ուղղակի շատ եմ կապվել հետը: Կգա՞ս գնանք-տեսնենք, համ էլ վաղուց չեմ տեսել:
- Հա, բայց մի կես ժամ պիտի սպասես, փոխարինող կանչեմ:
Ես ու ծիտը նստեցինք տաքսի ու գնացինք գերեզմանոց: Լոլոյի սեղանիկը չկար: Մտա տնակ: Գառնիկի փոխարեն ուրիշ ծերուկ էր նստած:
- Գառնիկն էստեղ չի՞,- հարցրի:
- Չէ,- ասաց բավականին կոպիտ,- ի՞նչ ա պետք:
- Լոլոն ա պետք: Ինքն էլ էստեղ չի՞:
- Լոլոն հիվանդանոցում ա, Գառնիկն էլ` մոտը:
Վախից քիչ մնաց քարանայի:
- Ինչի՞ ա հիվանդանոցում, ի՞նչ ա էղել:
- Ավտոյի տակ ա ընկել,- էնպիսի անտարբերությամբ ասաց, ոնց որ ասեր` ոտքն ա քերծել:
Հասկացա, որ սրանից ոչ մի բան չեմ կարող իմանալ, էշի մեկն էր: Մի կերպ կարողացա հիվանդանոցի տեղն իմանալ ու ծտի հետ գնացի էնտեղ: Գտա Գառնիկին` հյուծված, անխնամ:
- Քանի՞ օր ա` էստեղ ա:
- Հինգերորդ օրն ա,- ասաց:
- Բա ինչի՞ չեք զանգել ինձ, ախր, թողել էի հեռախոսիս համարը:
- Չգիտեմ, մտքովս չես անցել,- ասաց:
Մտա Լոլոյի մոտ: Փոքրիկ հրեշտակն ամբողջովին վիրակապերի մեջ էր ու անգիտակից: Հետո խոսեցի բժշկի հետ, ասաց, որ վիճակը ծանր է:
- Ես եմ մեղավոր,- ասաց Գառնիկը, երբ կանգնած էինք միջանցքում- իմ պատճառով էղավ:
- Դու ինչու՞մ ես մեղավոր:
- Ուղարկեցի սիգարետ առնելու, սա էլ փողոցը վազելով ա անցել, ավտոն էլ չի հասցրել տոռմուզ տա:
Երկու գիշեր մնացի հիվանդանոցում: Երրորդ գիշերը Գառնիկը համոզեց` տուն գնամ:
- Հանգստացի, էլի կգաս,- ասաց,- մեղք ես:
- Լավ,- ասացի,- առավոտյան կգամ:
- Որ էդ էրեխուն մի բան էղավ, ես կմեռնեմ:
- Հանգստացի, Գառնիկ պապ, բան չի լինի, բժշկությունը հիմա հրաշքներ ա գործում: Հեռախոսիս համարը գրի, որ պետք լինեմ, զանգի:
Տուն չէի հասել, երբ ծերուկը զանգեց: Հեկեկում էր... Ոռնում…
Ապրիլյան մի անձրևոտ կեսօր Լոլոյին թաղեցինք… մոր կողքին…իր մեռելներից շատ հեռու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել