ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 0,5%:
Բազմիցս խոսել ենք այն մասին, որ տոկոսադրույքի բարձրացումը կարող է կտրուկ ազդեցություն ունենալ ամերիկյան դոլարի փոխարժեքի վրա՝ բարձրացնելով այն։ Այս մասին ամենալարված սպասումները մենք ունեինք դեռևս սեպտեմբերին, երբ բարձրացման հավանականությունը բավական մեծ էր, իսկ շուկայում լարվածությունը հասել էր առավելագույն մակարդակի, սակայն ԴՊՀ-ն որոշեց հերթական անգամ հետաձգել։ Հետաձգումը, թերևս, այն գործոնն էր, որը «փրկեց» ֆինանսական շուկաներին սպասվող ցնցումներից։ Այս մեկ տարվա ընթացքում շուկայի մասնակիցները կարողացան ինչպես որ հարկն է պատրաստվել սպասվող բարձրացմանը, քանի որ երբ խոսվում է հետաձգման մասին, ակնհայտ է լինում, որ բարձրացումն, այնուամենայնիվ, կլինի։
Հայտնի է, որ ԱՄՆ-ում բավական դրական են տրամադրված տնտեսական աճի նկատմամբ, և նրանք հավատում են, որ կկարողանան ինֆլյացիան առաջիկա 1-2 տարվա ընթացքում հասցնել ցանկալի 2%-ին՝ անկախ նավթի գների անկումից։ Կայուն դրական են նաև տնտեսությունը բնութագրող այլ ցուցանիշները, որոնք հրապարակվում են վերջին տարիների ընթացքում։ Հետևաբար ամերիկյան դոլարը շարունակելու է արժևորվել մյուս հիմնական արժույթների նկատմամբ՝ ոչ միայն հենվելով տնտեսական ցուցանիշների և գործող ավելի բարձր տոկոսադրույքի վրա։ Դոլարի արժևորմանը նպաստելու է նաև այն սպասումը, որ ԴՊՀ-ը տոկոսադրույքի բարձրացում կիրականացնի նաև 2016թ․-ի ընթացքում, այն էլ հավանաբար ոչ մեկ անգամ։ Այս մասին նույնպես ակնարկել են բազմիցս, ինչին անդրադարձ եղավ նաև երեկ ԴՊՀ ղեկավար Ջանեթ Ելենի հայտարարության ընթացքում։
ԱՄՆ-ում ընթացող զարգացումներին արձագանքում են նաև նավթային շուկայում, որտեղ Բրենթ տեսակի նավթի 1 բարելը շարունակվում է տատանվել 37$-ի սահմաններում։ Սա, իհարկե, պատմական ցածր մակարդակ է, և մենք ունենք բազմաթիվ ազդանշաններ այն մասին, որ նավթային գները դեռևս կշարունակեն անկում ապրել։
Այս իրավիճակում ռուսական ռուբլին նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով չունի որևէ հնարավորություն (կամ հնարավորությունները նվազագույն են)՝ արժևորվելու ամերիկյան դոլարի նկատմամբ, հետևաբար լավագույն փոխարժեքն առնվազն մինչև տարեվերջ կարող ենք համարել 1$-ի դիմաց 70 ռուբլի մակարդակը, որի պահպանումը նույնպես քիչ հավանական է։ Մինչև տարեվերջ հավանաբար մենք ականատես կլինենք նոր նվազագույն մակարդակների հաղթահարման։
Թե ինչ կլինի այս ամենի արդյունքում Հայաստանում, դժվար է ասել, քանի որ դա մեծ հաշվով կախված է ԿԲ հետագա պլաններից, որի մասին խոսվում է հնարավորինս քիչ։ Հայտնի է, որ հասարակության շրջանում ԿԲ կողմից որոշվող փոխարժեքը հիմնական ցուցիչն է համարվում տնտեսական նորմալ վիճակի, ինչը նշանակում է, որ ԿԲ-ն պետք է հնարավորինս պահպանի փոխարժեքը հասարակական տրամադրությունները վերահսկելու համար։ Ի դեպ, փոխարժեքի պահպանման գործիքների պակաս նրանք չունեն, սակայն ամերիկյան դոլարի շարունակական արժևորումն, իհարկե, կարող է հանգեցնել փոխարժեքի նոր և նկատելի փոփոխությունների, որոնց ականատես կլինենք հավանաբար արդեն 2016թ․-ի ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել