Բավական չէ՝ վարկի տակ են գցում, հետն էլ անուղեղ են անվանում (Բենթլին այլևս խնդիր չէ, վարկ վերցրու ու քշիր)։
Բազմազավակ մայրության թոշակով ապրող Ալեքսանյանների ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետի կողմից առաջարկվող ակցիայի համար մարդ չգիտի՝ աչքալուսանք տա՞, թե՞ ցավակցի: Բանն այն է, որ նախորդ տարվա փորձով այս տարի ևս նշյալ սուպերմարկետն առաջարկում է առանց այն էլ օրհասական իրավիճակում գտնվող մեր քաղաքացիներին 200.000 դրամանոց վարկի տակ մտնել, որպեսզի այս սուպերմարկետներից առևտուր անեն ու Նոր տարի նշեն, հետո մեկ տարի շարունակ վարկը մարեն: Լավ էլ հաշվարկել են՝ մինչև հաջորդ տարի կփակեն վարկը, հետո էլի Նոր տարի կգա, ու նորից ապառիկով առևտուր կանեն, որպեսզի նորից Նոր տարի նշեն, ու տենց շարունակ... Ու երբ կարդում ենք ակցիայի կարգախոսը, ամեն ինչ ավելի մառազմատիկ է դառնում՝ «Ամանորյա ծախսերն այլևս խնդիր չեն» (Բենթլին այլևս խնդիր չէ, վարկ վերցրու ու քշիր):
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վարկը տրամադրվում է՝ հաճախորդների անձնագիրը վերցնելով, ապա գումարը մարելուց հետո նոր միայն մարդը կարող է հետ ստանալ իր անձը հաստատող փաստաթուղթը։ Այ սա արդեն ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում. օրենքով հստակ արձանագրված է, որ անձնագիրը պետության սեփականությունն է, և անգամ պայմանագիր կնքելու դեպքում չի կարող անձնագիրը կցվել, պատճեն՝ հնարավոր է: Բայց ավելի շշմեցնող էր «Երևան սիթի»-ի թեժ գծի պատասխանը մեր դիտարկմանը. «Պետք չի ամեն գրածին հավատալ, պետք ա ուղեղին հավատալ»: Ի՞նչ է ստացվում. մամուլի հրապարակումներին հավատացողները կամ անուղեղ են, կամ առանձնապես իրենց ուղեղին չե՞ն հավատում…
Հարգելի՛ պատգամավոր, հարգելի՛ ապառիկով Ամանոր նշել առաջարկող, ավելի ճիշտ չէ՞ր լինի վարկի փոխարեն մի բան մտածեք, որ ձեր աշխատող քաղաքացուն մուրացկան չդարձնեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել