Գյումրվա հիմնախնդիրների շուրջ.
1. Քաղաքում կա Շաքարի գործարան, որի բացվելու հարցը մեկընդմիշտ փակվել է, որովհետև հումքը ներկրելու իրավունք ունեն մեզ հայտնի մարդիկ, իսկ բացելու համար անհրաժեշտ ծախսերն ու նման շուկայական հարաբերություններում առկա խոչընդոտների հաղթահարման հնարավորություններն անհավանական են իրականություն դառնալու տեսակետից: Մինչդեռ այդ գործարանի բացումը կարող էր մի քանի տասնյակ ընտանիքների փրկել աղքատությունից:
2. Գյումրիով անցնող երկաթգծի հետագա ճակատագիրը անորոշ է, որովհետև երթուղին կարող են փոփոխել Սպիտակի հետ, և երկաթգիծն անցնի ոչ թե Գյումրիով, այլ Սպիտակ քաղաքով:
3. Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքի փոստային գրասենյակը տեղափոխվել է Սպիտակ, և այսուհետ գյումրեցու նամակները պետք է գնան Սպիտակ, նոր էնտեղից հասնեն իրենց հասցեատիրոջը:
4. Գյումրիում է տեղակայված ռուսական ռազմաբազան, որի օգտագործումը ՌԴ-ի կողմից շատ հավանական է դարձել՝ հաշվի առնելով վերջին ամսվա աշխարհաքաղաքական իրադարձությունները: Իսկ ինչ ռիսկերով է դա մեզ համար հղի, գուցե շատերս պատկերացնում ենք:
5. Երկրաշարժից 28 տարի անց քաղաքի մոտավորապես 4000 ընտանիքներ ապրում են դեռ տնակներում, թվով մոտ 10000-ից անցնող հաշմանդամներ կան:
6. Քաղաքի հարևանությամբ կա օդանակավակայան, որը կարելի է շահագործման հանձնել ու լուծել նշածս դոմիկներում ապրող մարդկանց զբաղվածության հարցը, ինչպես նաև ակտիվացնել մարզային շարժունությունը:
7. Ճակընդեղի արտադրությունը կարելի է խթանել մարզում, բայց կրկին շուկայում մեզ հայտնի իրացումն ապահովող դերակատարները գյուղացուն անշահավետ պայմաններ են առաջարկում, որն ավելի կխորացնի այն ճգնաժամը, ինչում գուղացիները վերջին տարիներին հայտնվել են երկրում տարվող ԲԱՆԿԱՅԻՆ քաղաքականության արդյունքում:
8. Մարզում մեծ հեռանկարներ ունեցող որոշ սպորտաձևեր զարգանում են իներցիայի ուժով: Կան բազմաթիվ շնորհալի մարզիկներ, որոնց պարապմունքներն անցնում են ուղղակի առանց որևէ հարմարության ու գույքի: Տեսնել է պետք:
9. Եվ վերջապես մի քանի դրական բաներ, որոնք անհնար է չնշել: Այս քաղաքում ապրող մարդիկ ստեղծել են այնպիսի քաղաքային միջավայր, որտեղ գտնվելով միայն կարող ես հասկանալ, որ այս ժողովրդի մեծամասնությունը գիտի՝ ինչ ասել է ՔԱՂԱՔԱՅԻՆ մշակույթ: Քաղաքի ոչ մի անկյունից աչքդ չի ծակում վերև ցցված որևէ տարօրինակ շենք կամ շինություն, որը կփչացնի քաղաքի կոլորիտն ու հեռուն տանող ջինջ հորիզոնը:
10. Այս քաղաքում բոլորը շնորհակալության փոխարեն քեզ ասում են ԲԱՐՈՎ ԵՍ ԵԿԵԼ: Այնպես են ասում, որ նույնիսկ քեզ տարիներ բաժանումից հետո տեսած ընկերդ հնարավոր է չասի դա նույնքան ջերմությամբ:
11. Այս քաղաք գնալիս, հիշի՛ր, որ անտարբեր չանցնես Պոնչիկ-մոնչիկի և Յաղլի հաուսի կողքով... Որովհետև սա Գյումրին է, ու այստեղ դու իրենց տանն ես, ոչ թե քո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել