Մինչև դանակը ոսկորին չի հասնում, սելը տեղից չի շարժվում: Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ ոսկորին:
Հայաստանում անգործությունը ծածկելու նոր գործելաոճը լավագույն վերմակն է հանդիսանում, որով մեր նախարարությունների աշխատողները՝ ղեկավարից մինչև դռնապահ, ամեն օր ծածկվում են ոտից մինչև գլուխ:
Սահմանում զինվոր է մահանում՝ արդեն հակառակորդի տանկից արձակած կրակից: Թվում է, թե սովորական լուր. սահմանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ու թվում է, թե սովորական է, երբ ևս մի ծնող ծնկաչող աղոթելով անկողին է մտնում, և այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկիրը գտնվում է ոչ պատերազմական իրավիճակում: Թշնամին կրակում է, իսկ դիվանագիտական հայաստանյան դպրոցի ներկայացուցիչները, սարի հետևում պպզած, հաշվում են թշնամու կողմից արձակած փամփուշտների քանակը: Այս անգամ էլ թշնամին, հաշվի առնելով տոնական զբաղվածությունն ու «դիվանագետների» ամանորյա բդային զբաղվածությունը, կրակում են տանկից ու մեկ անգամ՝ որ հաշվելը հեշտ լինի:
Վաղը եղբորս ճանապարհում եմ դիրքեր, հարազատ եղբայր չի, բայց իմ գրկում է մեծացել, ու արդեն 10-ը օր է՝ եկել է սահմանված արձակուրդի, բայց չեմ կարողանում ինձ համոզել, որ ավելի շատ տեսնեմ, կարծես մեկը ոտքս բռնի ճանապարհին: Ախր տեսնեմ՝ ի՞նչ խաբեմ, ասեմ, որ սահմաններում խաղա՞ղ է, ասեմ, որ քեզ վրա չե՞ն կրակելու, ասեմ, որ հայրենիքդ պաշտպանես, վաղն այստեղ քո ճակատը պաչելո՞ւ են, ասեք՝ ի՞նչ ասեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել