Հայաստանի և համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձևը դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Բանաձևի ընդունման համար ընտրվել է դեկտեմբերի 9-ը նաև այն իմաստով, որ այն 1948 թվականին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:
Ցեղասպանությունների ոգեկոչման և համամարդկային դատապարտման, դրանով իսկ այլ ցեղասպանություններ բացառելու գործին հետևողականորեն լծված մեր ժողովուրդն այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին հարգեց նաև այլ ցեղասպանված ազգերի հիշատակը: Այս առումով վերջին բարբարոսությունները բաժին էին հասել մեր եղբայր եզդիներին, որոնց ցեղասպանությունը տեսավ և անտարբեր թողեց քաղաքակիրթ աշխարհի մի ստվար մասը: Գյումրեցու, վանաձորցու, անգամ մայրաքաղաքաի տարբեր թաղամասերում բնակվող հայի մեջ տարբերություն դնող մեր ժողովուրդը խորը իմաստությամբ է մոտենում մեր ազգային փոքրամասնություններին, հետաքրքրվում նրանց կյանքով, ձեռքբերումներով հավասար ուրախանում: Մենք պետական մակարդակով կիսեցինք եզդի եղբայրներին պատուհասած չարիքը՝ հերթական անգամ հավաստելով մեր դարավոր բարեկամությունն ու ընկերությունը: Հպարտ եմ, որ մենք կարողանում ենք մեր ունեցած փոքր տարածքը կիսել մեր եղբայրների հետ, ձեռք մեկնել ոչ թե հայրենիք ունեցողի հայրական բարեսրտությամբ, այլ եղբոր, ընկերոջ պես: Համամարդկային արժեքներ հարգելը մեր գեներում է, և այս ԱՍՏՎԱԾՆԵՐԻ, ՊԱՏԵՐԱԶՄԻ վտանգավոր ժամանակաշրջանում մեզ հաջողվում է անսասան մնալ մեր սկզբունքայնության, ուրիշներին հարգելու և վշտակցելու հարցերում:
Մեր ազգի պարադոքսալ հումանիզմը մեր գլխավոր ձեռքբերումներից է. որպես հայ՝ չենք մոռանում մեր ավիրված սրբավայրերը, միևնույն ժամանակ որպես մարդ՝ մայրաքաղաքի սրտում այլ կրոնի ներկայացուցիչների համար վերականգնում ենք իրենց աստծուն աղոթելու հնարավորությունը...

P.S.
Նկարը պատկանում է հայտնի Դոկտոր մահ Ջեկ Կևորկյանի վրձնին և, ի հիշատակ 20-րդ դարի երկու խոշորագույն ցեղասպանությունների՝ Մեծ Եղեռնի և Հոլոքոստի, վերնագրված է «1915-Գենոցիդ-1945»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել