Մի քանի ընդհանրական եզրակացությունների կարելի է գալ այս ընտրություններից հետո.
1. Հայաստանը վերածվում է մի երկրի, որտեղ ստրկամտությունը պաշտոնապես լեգիտիմացվում է ընտրությունների միջոցով։
2. Որտեղ մարդիկ և նրանց ձայները որոշակի դրամական միավորի են հավասար և շուկայական հարաբերություններում (այսինքն՝ հընթացս ընտրություններին) գլխաքանակի են վերածվում
3. Գոյություն ունեն այսպես կոչված «կալվածքներ», որոնք վերահսկում է որևէ ֆեոդալ, ասենք՝ Լֆիկներից մեկը՝ հետևելով իր ավատների ընտրական կողմնորոշմանը: Այստեղ ձայնի իրավունք ունեն կամ չունեն մարդիկ, որոնց փոխարեն կամ արդեն ընտրությունն արվել է, կամ անելու դեպքում դեր չի խաղում, այսինքն՝ կալվածատերերն իրենք են որոշում տվյալ կալվածքի ներսում ռեսուրսների բաշխումն ու կառավարումը:
4. Ամենուր և հրապարակավ տիրում է կեղծ ՊՐՈՊԱԳԱՆԴԱ՝ բոլշևիկյան կուսակցության միանձնյա առաջնորդին նվիրված: Անհատի պաշտանմունքը վերադարձել է Հայաստան, և, օրինակ, չունենալ մեր առաջնորդի նկարը վարչական կամ ադմինիստրատիվ շենքերում, դա ներքին օրենքներով խիստ անընդունելի է: Հետևաբար նույնիսկ այնպիսի մշակութային վայրերից մեկում, ինչպես, օրինակ, Ե. Չարենցի տուն-թանգարանն է, որի տնօրենը հանրապետական է, մենք նրա գրասենյակում կտեսնենք մեր նախագահի մանկության, պատանեկության և հասուն տարիքի նկարները՝ իր փափկասուն տիկնոջ զուգակցությամբ: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր այդ մասին ՉԱՐԵՆՑԸ։
5. ԿԳԲ-ի ինստիտուտն իր բոլոր ուղղություններով վերադարձել է իր ակունքներին և սկսել է վերտառել այն իրողություններն ու պրակտիկաները, որոնք թվում էր, թե անցյալում են: Անցյալի սխալների անպատժելիությունը հանգեցնում է նրան, որ այս կառույցը շարունակի իր գործունեության սցենարը:
6. Հասանք ամենագլխավորին՝ ժողովրդին: Ժողովուրդ, ընդհանրապես գոյություն չունի: Կան խառը՝ անարժեք և անուղղություն, երբեմն էլ անհայրենիք մարդիկ, որոնց կողքին կեսը լռությամբ, կեսը անտարբերությամբ, կեսը պայքարով, մյուս կեսն էլ անիծելով ապրում են հանապազօրյա հաց հայթայթող մարդիկ: Ու էլի հասանք ՄԱՐՔՍԻՆ, որովհետև այս մարդկանց մեծամասնության գիտակցությունը կապված է նյութական բարիքների հետ, հետևաբար ի՞նչ գիտակցության մասին է խոսքը, երբ կարելի է ընտրությունների ժամանակ վերցնել ընտրակաշառքը և քվեարկել սեփական ՍՏԱՄՈՔՍԻ օգտին, այն էլ մեկօրյա հանգստության համար:
Ու դեռ որոշ հավելումներ ևս կարելի է անել վերոգրյալին: Շարունակելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել