Բարև, տղաս։
Անկեղծ, ինձ համար շատ դժվար է քեզ գրել այս նամակը, նույնիսկ ես վստահ եմ, որ իրավունք չունեմ քեզ էս նամակը գրել, ու դու այն կարող ես արհամարհել, բայց եթե հետդ չկիսվեմ, ես հետո ինձ մեղավոր կզգամ։
Տղես... պապայի պես չապրես կյանքդ, դու արդեն մեծ, հասուն ու ամեն ինչ հասկացող 2 տարեկան տղուկ ես, ու արդեն իսկ ժամանակն է, որ ես՝ որպես հայր (չնայած, ես արդեն կասկածում եմ՝ արդյո՞ք ինձ կարելի է «հայր» կոչել), ինչպես տղամարդը տղամարդուն, քեզ հետ կյանքիս փորձով կիսվեմ։
Բալես... Այո, ես սխալ էի. խաղամոլությունն ինձ ոչ մի լավ բանի չհասցրեց, խաղամոլությունն իմ ձեռքից տարավ ունեցվածքս, իմ ուղեղն ու կյանքում ինձ համար ամենաթանկը՝ ձեզ՝ մամայիդ ու քեզ։ Չէ, չէ, սպասի... Մի մեղադրի առանց հասկանալու, սպասի՝ ես ամեն ինչ հենց հիմա կբացատրեմ։
Միգուցե հիմա այն հիմնավորումները, որոնք ես կասեմ, քեզ համար անլուրջ կթվան, բայց միևնույն է՝ պետք է ասեմ։ Ես դա արել եմ քո ու մամայիդ համար, հա, բալես, մեր ապագայի համար։
Գիտեմ... Հենց հիմա կցանկանաս պատռել այս նամակը, բայց խնդրում եմ շատ քեզ, բալես, կկարդաս մինչև վերջ։
Հա, իրականում ես էի այսպես մտածում, որ արել եմ ձեզ համար, ու կծիծաղես հիմա, բայց դա ինձ տենց թվաց էն ժամանակ, երբ ես մեկ օրում մեկ միլիոն շահեցի... Էդ պահին աչքերս փայլատակեցին, ուղեղս մթագնեց, արդեն մտածում էի՝ շուտով քեզ համար ինչ ապագա եմ ստեղծելու, արդեն մտածում էի, թե ինչպես ես ապրելու քո սեփական տանը սեփական մեքենայով՝ կնոջդ ու թոռներիս հետ։
Բայց... մթագնեց ուղեղս, խաղամոլությունն ինձ կործանեց. մեկ միլիոն հաղթանակիս փոխարինելու եկան պարտություններս, պարտություն պարտության ետևից... ու... այսօր ունենք այն, ինչ ունենք։
Բալես, հիշիր, չանես կյանքում տենց բան, ես նոր էի հասկանում, որ ավելի լավ է արդար քրտնիքով պահեի ընտանիքս ու ունենայի այն, ինչ ունեի ու չխաբվեի առաջին հաղթանակիս վրա։
Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել, հուսամ, որ կգա մի օր, որ դու ինձ կներես այն բանի համար, որ դու հիմա մամայի հետ վարձով ես մնում՝ մամայի աշխատանքի շնորհիվ, իսկ ես պայքարում եմ կախվածությունից ազատվելու համար։
Հա, հա, բալես, մոռացա ասել, ես բուժվում եմ դրա դեմ, շատ ծանր զզվելի ու տանջալի գործընթաց է, բայց ես խիստ կասկածում եմ, որ կգա մի օր, երբ մենք միասին կկարողանանք լինել. սա անբուժելի է։
Կներես, բալես, մամային լավ կնայես ու չխանգարես, որ նա ուրիշի հետ երջանիկ լինի. նա դրան արժանի է...
(ց) Քո հայրիկ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել