Այս անգամ հետաքրքիր զրույց ունեցանք հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանի հետ: Սկսնակ, բայց արդեն սիրված ժպտերես Մարինան 1 տարի է, ինչ ամեն կիրակի ողջունում է իրեն հավատարիմ, երաժշտասեր հանդիսատեսին և մի քանի րոպե տանում դեպի երաժշտության գեղեցիկ աշխարհը:

-Ե՞րբ ծնվեց հաղորդավարուհի դառնալու երազանքդ:

-Փոքր տարիքում չէի մտածում, որ կընտրեմ հաղորդավարուհու մասնագիտությունը, և երբ մայրիկս տարավ ինձ պարի դպրոց, որտեղ 4 տարի պարեցի, այդ ժամանակ որոշեցի դառնալ պարուհի, երբ առաջին քայլերս կատարեցի դեպի բեմ հասկացա, որ բեմն իմն է, բայց ոչ պարուհու կարգավիճակով, ես ուշադիր հետևում էի հաղորդավարի աշխատանքին և ձգտում նմանվել հենց այդ կերպարին: Ինձ համար դեռ փոքր տարիքից իդեալ է եղել և միշտ կլինի Նազենի Հովհաննիսյանը, ով դարձավ իմ ոգեշնչումը:

-Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին երազանքին հասնելու համար:

-Երբ իմ մեջ ծնվում են երազանքներ, դրանք չեն մնում երազանքներ, ես դարձնում եմ դրանք նպատակներ և իրագործում: Դրանում ինձ օգնում է հավատը, վստահությունը և համառությունը: 2012 թվականից ես սկսեցի հաճախել «ԱՐՏ ԷՋ» դպրոց-ստուդիա, որտեղ իմ ուսուցիչների՝ Մարինա Թագակչյանի, Տրգրան Հարությունյանի և ուրիշների շնորհիվ ես կայացա որպես հաղորդավարուհի, որպես մարդ և այսօր վստահ քայլում եմ առաջ:

-Ինչպե՞ս բացվեցին քո առաջ «Հ3»-ի դռները:

-Երեք տարի սովորելով «ԱՐՏ ԷՋ»-ում՝ մենք հյուրընկալել ենք շատ հանրային դեմքերի. նրանք մեզ փոխանցել են իրենց վարպետությունը, մասնակցել ենք ամենատարբեր նկարահանումներին: Քանի որ որոշ չափով կայացած էի, մուտքը «Հ3» այդքան էլ դժվար չեղավ: Այսպիսով հայտարարվեց կաստինգ, մասնակցեցի, անցա և այսօր ունեմ «ԴՈ-ից ԴՈ»-ն, որն արդեն մեկ տարեկան է:

-Ինչո՞ւ երաժշտական հաղորդում, կա՞ կապ երաժշտության հետ:

-Երաժշտությունը միշտ ինձ ուղեկցում է, միգուցե մի օր էլ որոշեմ ու բեմ բարձրանամ երգչուհու կարգավիճակով (ծիծաղում է):

-Ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում:

-Կարելի է ասել, որ ես ազատ ժամանակ չեմ ունենում: Աշխատելուց բացի ես նաև սովորում եմ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, զբաղվում եմ ֆիտնեսով, բայց եթե լինում է այնպես, որ ստեղծվում է այդ ազատ ժամանակը հաճախում եմ պարի դասերի, և հանդիպում եմ ընկերներիս հետ:

-Բնավորությամբ ինչպիսի՞ն ես, քո բնավորության ո՞ր գիծն ես առավել սիրում:

-ՈՒժեղ եմ: Գնալով հասկանում եմ, որ ավելի եմ ուժեղանում, չեմ վախենում խոչընդոտներից, փորձում եմ չկոտրվել, չհիասթափվել: Սիրում եմ վերը նշված գծերը:

-Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին, որոնք քեզ են ուղղված:

-Եթե ինձ քննադատի մեկը, ով արդեն կայացած է, պրոֆեսիոնալ է այս ոլորտում, ապա ուշադրություն կդարձնեմ, իսկ երբ ինձ քարկոծում են մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն այս ոլորտի հետ, ուշադրություն չեմ դարձնում, եթե ուշադրություն դարձնես, ապա երբեք էլ առաջ չես գնա և նպատակներիդ չես հասնի:


-Կյանքում ի՞նչ կարգախոսով ես առաջնորդվում:

-Որտեղ էլ լինեմ, ինչ էլ անեմ, միշտ առաջնորդվում եմ մի կարգախոսով... Միշտ հավատալ ուժերիդ, խոչընդոտներց ու դժվարություններց չվախենալ և վստահ քայլել առաջ:

-Ինչպիսի՞ն ես տեսնում քո ապագան:

-Շատ նպատակներ ունեմ, նաև ապագայում ուզում եմ ինձ տեսնել դերասանուհու կերպարում: Պիտի հասնեմ այն բարձունքին, որին թե ես, թե ծնողներս ուզում ենք:

-Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ի՞նչ կանեիր:

-Կստեղծեի մի աշխարհ, որտեղ չկա պատերազմ, որտեղ յուրաքանչյուր երկիր ստիպված չի լինի զենքը ձեռքին պահել, քանի որ աշխարհում կտիրի խաղաղություն: Կստեղծեի աշխարհ, որտեղ մարդկություն ու բարություն է տիրում:

-Սիրելի ֆիլմ:

-«Tри метра над уровнем неба»։

- Սիրելի գիրքդ:

-Թեոդոր Դրայզեր՝ «Ջեննի Գերխարդտ»

-Մի քանի հատկանիշ, որով դու ընտրում ես ընկերներիդ:

-Հավատարիմ, անկեղծ, բարի, և ամենակարևորը՝ ՄԱՐԴ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել