Վերջերս շատ բան եմ սովորել կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին ու շատ բան եմ նկատել։ Կարողացել եմ շատ հարցերի պատասխաններ ստանալ, այնպես որ, ինձ թվում է` հետևյալ գրառումն անելու ժամանակն է։
Որոշ ժամանակ առաջ կանգառ գնալիս տեսա մի, ամպագորգոռ չհնչի, զույգի։ Կարծես վիճում էին։ Աղջիկը` բարկացած, խռոված, ինչ-որ բան ասաց ու գնաց։ Տղան խիստ ու արագ քայլերով հասավ նրան, այնպես բռնեց թևից, որ աղջիկը հազիվ ճիչը զսպեց։ Տղան նրան ստիպողաբար քաշեց մի անկյուն ու սկսեց բարձր գոռալով, կրկին ամպագորգոռ չհնչի, խոսել հետը։ Երկու տղա էլ նրանցից մի քանի մետր հեռու կանգնած ծիծաղում էին. ինչպես հասկացա` այդ տղայի ընկերներն էին։
 Ես չգիտեմ՝ ինչ էր եղել, ու փողոցում նման աղմուկ բարձրացնելու ու վիճելու պատճառը որն էր, բայց ուզում էի գնալ ու մի քանի բառ շպրտել այդ տղայի դեմքին, նույնիսկ ապտակել կամ հարվածել։ Բայց առաջին անգամ էի նման բան տեսնում, շվարած կանգնել էի` չիմանալով ինչ անել։ Իսկ քանի որ ուրիշի անձնական կյանքին խառնվելը իմ սկզբունքներին դեմ է, ես որոշեցի պարզապես շարունակել ճանապարհս, այն էլ` դա արեցի` ինձ հազիվ զսպելով, որ այդ սկզբունքիս չդավաճանեի։ Ախր պարզ երևում էր, որ եթե այսօր այդ տղան գոռում է աղջկա վրա, հաջորդ օրը կարող է ծեծել, իսկ մյուս օրը…

Ատում եմ, երբ տեսնում եմ, որ տղաները աղջիկների հետ անպետք իրի կամ ֆուտբոլի գնդակի պես են վարվում։ Հա՛, հա՛, հենց ֆուտբոլի գնդակի։

Իսկ հիմա խոսքս ձեզ եմ ուղղում, տղամարդի՛կ։ Անկախ նրանից, թե դուք հեռու եք նշածս կենդանական դասակարգից կամ հենց դրա ներկայացուցիչն եք, ուզում եմ կարդաք այս գրառումը, հասկանաք այն ու ընդունեք։ Ես ինքս աղջիկ եմ ու գիտեմ` աղջիկներին տղաների վերաբերմունքի մեջ ինչն է դուր գալիս ու ինչը` ոչ։
Խնդրում եմ, մեզ հետ իրի պես մի՛ վարվեք։ Աղջիկները շատ զգայուն էակներ են՝ անկախ նրանից, թե ինչքան ուժեղ են երևում արտաքինից։ Նրանք շատ փխրուն են ու ձեր ասած ամեն խոսք կամ ժեստ կարող է շա՜տ խորը վերք թողնել նրանց մեջ, վերք, որը նույնիսկ տարիներ անց էլ չի սպիանա։ Երբեք մի՛ հարվածեք կնոջը։ Դա նրա համար ստորության գագաթնակետն է ու կարող է պարզապես կործանել նրան… ու Աստված չանի, երբ վիրավորված կինը որոշի վրեժ լուծել։ Չկա ավելի վտանգավոր արարած, քան տղամարդուց վիրավորված կինը. նա շատ դաժան է, դաժան է նրա անտարբերությունը` ստորացնող, նվաստացնող, հունից հանող ու կործանարար։ Թույլ մի՛ տվեք, որ կինը այդպիսին դառնա։ Կնոջը եթե անդունդը գցես, նա իր հետևից քեզ կքաշի, ու չես կարողանա ոչինչ անել դրա դեմ։
Սիրե՛ք կանանց, թող ձեզնից յուրաքանչյուրի համար գոյություն ունենա միայն մեկ սիրած կին։ Այդ ժամանակ, հավատացե՛ք, ձեր առաջ դրախտ կբացվի։ Եթե սիրեք նրան, քաղցր խոսքեր ասեք, ծաղիկներ նվիրեք ժամանակ առ ժամանակ, հենց այնպես, առանց պատճառի, հաճելի անակնկալներ պատրաստեք, հաճախ գնաք զբողնելու ու ասեք, որ նա ձեզ համար միակն է, այդ կինը ձեզ աշխարհի ամենաերջանիկ տղամարդը կդարձնի։ Նա ձեզ համար պատրաստ կլինի ամեն ինչի, ամեն զոհողության ու նույնիսկ հանցանքի։ Պարզապես պետք է ամեն ինչ անկեղծ ու սրտանց ասեք ու անեք. կանայք միանգամից նկատում են, երբ տղամարդը ստում է։ Հնարավոր է, որ նա նկատի ու ոչինչ չասի, բայց ամեն սուտը կուլ տալով՝ նրա վստահությունն ու համբերությունը զգալի նվազում են։ Հետո մի օր նա պարզապես կպայթի, ու ներսում կուտակված ցավն ու ատելությունը կժայթքեն հրաբխի պես ու կայրեն ձեզ։ Կամ էլ մի գեղեցիկ օր կգաք տուն, կտեսնեք` նա այդտեղ չէ, կզանգեք, չի պատասխանի, կփնտրեք ամենուր, իսկ նա չկա։ Դուք այդպես էլ չեք իմանա` ինչու այդպես արեց կամ, ավելի ճիշտ, ձեր ո՞ր արածի համար։ Ու հնարավոր է` դուք նրան այլևս երբեք չտեսնեք կամ տեսնեք երկար տարիներ անց, մեկ այլ տղամարդու հետ, քաղցր ժպտալիս։ Հետո, երբ նա մի քանի րոպե մենակ կմնա, կտեսնեք, որ այդ քաղցր ժպիտի հետևում այնքա՜ն դառնություն ու ցավ է թաքնված։ Այդ ընթացքում անկախ ձեզնից ձեր մեջ կարթնանան խանդը, խղճի խայթը, վաղուց իրենց հույզերը մարած հիշողությունները, ու դուք կհասկանաք, թե ինչու է նա հեռացել։ Կուզեք ամեն ինչ վերադարձնել, բայց սրտի կսկիծով կհասկանաք, որ արդեն չափից ավելի ուշ է։
Մեծերն ասում են, որ կնոջ լռությունը նրա բառերից ավելի իմաստալից է. այն կտրտում է, տրորում ու տանջում։ Մի՛ տանջեք ձեր սիրած կնոջը, դուք էլ չեք տանջվի։ Անկեղծ եղեք նրա հետ ամեն հարցում, երբեք մի ստեք։ Ավելի ճիշտ` մի արեք այնպիսի բաներ, որոնք կստիպեն ձեզ ստել։
 Երբևէ չդավաճանե՛ք ձեր կնոջը կամ սիրած աղջկան։ Դավաճանությունը այն է, ինչը կինը երբեք չի ներում։ Եթե ների էլ կամ ձևացնի, թե ներել է, հեշտությամբ չհավատաք դրան։ Իմացեք. նա ամեն օր ուղեղում պտտում է այն վատ խոսքերը, հարվածները կամ դավաճանության փաստը ու դառը արցունք թափում բոլորից գաղտնի։ Ու գաղտնի է պահում միայն այն պատճառով, որ սիրում է ձեզ ու թեկուզ այդ ամենից հետո չի ուզում ուրիշների մոտ ձեր անունը թունդ սև բծերով պղծել։
Կնոջը ոչինչ մի՛ արգելեք։ Նրանք համարձակ են ու համառ։ Ցանկանում են սիրվել այնպիսին, ինչպիսին կան, ազատ են ու ատում են, երբ իրենց ազատությունը սահամանափակում են։ Նրանք էլ են մարդ ու անհատականություն, նրանք էլ իրենց «ես»-ը արտահայտելու կարիք ունեն։ Արգելելով նրան այս կամ այն բանը՝ դուք պարզապես նրան կդրդեք ուղիղ այդ քայլին։ Ու այստեղ ո՛չ գոռոցները, ո՛չ ծեծը չեն օգնի, այլ ավելի կբարդացնեն իրավիճակը։ Եթե գտնում եք, որ ինչ-որ բան ավելորդ է կամ այնքան էլ լավ չէ, հանգիստ բացատրեք դա ու խնդրեք, որ այլևս նման բան չանի։ Իսկ երբ նա ապացուցի, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա, լսեք նրան ու փորձեք հարմարվել այդ փաստի հետ։ Եթե կինը սիրում է ձեզ, նա երբեք ոչինչ ձեր դեմ չի անի, ոչ դիտմամբ։
Լսե՛ք կնոջ խորհուրդը։ Նրանք բոլորովին էլ հիմար չեն ու այն, ինչ անում են կամ խորհուրդ են տալիս անել, հենց ձե՛զ համար է, ձեր լավի համար։ Լսելով նրա խորհուրդը՝ դուք ևս մեկ անգամ ձեր վստահությունն եք արտահայտում նրա նկատմամբ, իսկ դա երբեք աննկատ չի մնա։ Կատարեք և խնդրանքները. դրանով դուք կարտահայտեք ձեր սերը նրա հանդեպ։ Դա առավել ևս աննկատ չի մնա։ Ու հետո, երբ ինքներդ խնդրանքով դիմեք նրան, հավատացնում եմ, նա ձեր խնդրանքը ոչ մի դեպքում ականջի հետև չի գցի։ Հնարավոր է` դուք չհասցնեք էլ խնդրել, իսկ նա արդեն գլխի ընկած լինի ու ամեն ինչ արած լինի։
Պաշտպանե՛ք ձեր սիրած աղջկան։ Երբեք թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը ցավ պատճառի նրան, նրա աչքից թեկուզ մի կաթիլ արցունք թափվի։ Պաշտպանեք նրան ոչ թե տղամարդկային սկզբունքներից դրդված, այլ արեք դա, քանի որ սիրում եք նրան, ու թույլ մի տվեք, որ նման բան կրկնվի։ Պահեք նրան երկու ձեռքով, երբեք բաց մի թողեք, մի՛ վանեք նրան ձեզնից։ Գրկեք նրան պինդ, համբուրեք ու ձեր արարքներով լուռ ցույց տվեք, որ դուք սիրում եք նրան ու միշտ նրա կողքին կլինեք։
Հիմա կասեք` գոռում են կամ հարվածում միայն այն աղջկան, ով ինքն է թույլ տալիս կամ անբարոյական է։ Իսկ երբևէ չե՞ք մտածել, թե ինչու են որոշ կանայք կամ աղջիկներ անբարոյական դառնում։ Վստահ եղեք, նրանք այդպիսին չեն ծնվում ու չեն ցանկանում այդպիսին լինել։ Գուցե մեղքը ձեր հասցրած վիրավորանքների ու հարվածների մե՞ջ փնտրեք։ Հետո կզարմանաք ու չեք հասկանա, թե որտեղից նրա մեջ այդքան թույն, ատելություն ու արհամարհանք։ Այնինչ դուք ինքներդ եք նրան այդ թույնը ստիպել խմել։
 ՄԻՇՏ ՀԻՇԵ՛Ք, ՈՐ ԿԻՆԸ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆ է։ ԻՆՉՊԵՍ ՆՐԱ ՀԵՏ ՎԱՐՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴԸ, ԱՅԴՊԻՍԻՆ ԷԼ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԻՆԸ։ ԻՍԿ ԱՅԴ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ։ ԴԱ ՆՈՒՅՆՆ է, ԻՆՉ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՁԵՐ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ ՇՊԱՐԵՔ։
Գրառումը կարդալուց հետո չշտապեք աղջիկների թերությունները թվարկել։ Հաջորդ գրառումը նրանց է ուղղված լինելու։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել