Tert.am-ը գրում է.

Նախազորակոչային պարտադիր բուժզննումների ոլորտում թերություններ կան: Այս մասին «ՀՀ նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Պատգամավորը նշեց, որ ինքն ոլորտի թերությունների հետ անձամբ է առնչվել: «Տղաները գնում են առողջապահական հանձնաժողով. այնտեղ տրադիցիա կա. բժիշկը ասում է՝  ձեռքերդ ուղիղ պահիր, հարցնում են՝ գանգատ ունե՞ս , ասում են՝ չէ, ասում են՝ դե՛, հաջողություն, գնա: Գալիս հասնում ես վերջնական կետերին՝ իմանում ենք տարբեր խնդիրներ կան»,- նկատեց Թ. Պողոսյանը:

Ապա պատգամավորը, ով, ի դեպ, 4 դուսրտ ունի, առաջարկեց մտածել հետևյալի ուղղությամբ՝ աղջիկները ևս պետք է ծառայեն հայոց բանակում՝ Իսրայելի օրինակով: Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև դպրոցում ուսուցանվող ՆԶՊ առարկային՝ համոզված լինելով, որ այն չի հետաքրքրում աշակերտներին: «Աշխարհագրությունը կարևոր է իմանալ, ֆիզկուլտուրային դասերին պետք է հաճախել, բայց ՆԶՊ-ն չպետք է սահմանափակվի ավտոմատը տեսնելով կամ մի անգամ ձեռքում պահելով: Երեխաներին սահման տարեք, թող տեսնեն, տանում եք՝ ինչ-որ զորամաս, այնտեղ թղթապանակներից բացի այլ բան չկա, ի՞նչը տեսնեն»,- նկատեց Պողոսյանը:

Ի պատասխան պատգամավորի մտահոգությունների՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը նշեց, թե, ցավոք, մեր հասարակության մեջ կա պրակտիկա՝ կեղծ հոդվածներ ձեռքբերելու և դրանցով իսկ առաջնագծում չծառայելու հետ կապված: «Նրանց 90 տոկոսը հետո հրաժարվում են հոդվածներից, որովհետև ուրիշ կոլեկտիվ կա, հայրենասիրությունն ավելի բարձր է, քան մինչև զորակոչվելը։ Բայց խնդիրը կա: Հիմնական «պռոբլեմն» այն է, որ մարզերում բուժհաստատությունները թերկահավորված են, զինկոմիսարիատին կից որոշակի բժիշկներ բացակայում են»,- նշեց Հակոբյանը: Ինչ վերաբերում է աղջիկների բանակում ծառայությանը, ապա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը նշեց, թե որպես հայ տղամարդ ինքը գտնում է, որ մենք դեռ այդ պարտականությունն իվիճակի չենք կատարելու:

Ինչ վերաբերում է ՍԶՊ առարկային, ապա ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, պատասխանելով պատգամավորի հարցադրմանը, նշեց, թե կարող են լինել տարբեր գնահատականներ՝ առարկայի արդյունավետության հետ կապված, որոնք ինքը չի կիսում. «Ես ձեր ասածից հասկացա, որ ավելի լավ է չանցնեն այս առարկան, քան՝ անցնեն: Չեմ բացառում, որ այդ առարկայի նկատմամբ այլ պահանջներ կան, այլ հետաքրքրություն կա: Երբ որևէ մեկը պատգամավորներից հելնի, ասի որ բյուջեով ԿԳ-ին քիչ եք փող տալիս, կհասկանամ քննադատությունը: Մի անգամ չեք ասել՝ կարելի է այդպիսի հայրենասեր երեխաներ դաստիարակել այդքան փոքր գումարներով: Դուք մի անգամ երկու անգամ հելնեք ու ԿԳ բյուջեի հարցը բարձրացնեք, կհասկանամ՝ ինչու եք քննադատում»:

Թևան Պողոսյանն էլ ասաց, թե ինքն անձամբ բազմիցս հարցը բարձրացրել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել