Վերջին օրերին մի շարք երկրներում ականատես ենք լինում Իսլամական պետության կողմից իրականացվող տարատեսակ ահաբեկչությունների, որոնք անհանգստության առիթ են տալիս:
Օրերս Լոնդոնի Էկոնոմիկայի և խաղաղության հրապարակած (The Institute for Economics and Peace) «2015 թվականի ահաբեկչության գլոբալ վարկանիշ» զեկույցի համաձայն՝ Հայաստանն ահաբեկչության պոտենցիալ սպառնալիքի առումով ամենից անվտանգ երկրների շարքում է:

Հատկանշական է, որ 162 պետություններից կազմված վարկանիշում, որտեղ առաջին տեղում ահաբեկչության տեսանկյունից ամենավտանգավոր երկիրն է, իսկ վերջին տեղում՝ ամենից անվտանգը, Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը:

Վերը նշված զեկույցի համաձայն՝ Հայաստանի համար սպառնալիքի հավանական աղբյուրներից է 2014 թվականին 70 հայերի մասնակցությունը քրդական ջոկատների հետ իսլամական ծայրահեղականների դեմ պայքարին:

Հարկ է նշել, որ Հայաստանի հարևանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, զբաղեցրել են համապատասխանաբար 93-րդ և 71-րդ տեղերը, իսկ Ռուսաստանը 23-րդ հորիզոնականում է:

Նշվում է նաև, որ ահաբեկչական ամենաբարձր ակտիվությունը կենտրոնացած է 5 պետություններում՝ Իրաքում, Նիգերիայում, Աֆղանստանում, Պակիստանում և Սիրիայում: Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Եմենը, Սոմալին, Լիբիան և Թաիլանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել