ՄԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշունչն ԱՌԱՋԻՆԸ չինարեն թարգմանել է մի հայորդի: 18-րդ դարի վերջին Բենգալիայի Սերամփուր քաղաքում բրիտանական Արևելա-Հնդկական ընկերության հովանավորությամբ կրթական և գիտական աշխույժ գործունեություն է ծավալել Ֆորթ Վիլյամ անգլիական բողոքական միսիոներների քոլեջը: Այս հաստատության մեջ գործել է հատուկ խումբ` Աստվածաշնչյան ընկերակցությունը՝ Սուրբ Գիրքն արևելյան լեզուներով թարգմանելու նպատակով: Խմբի ղեկավարները փափագել են Սուրբ Գիրքը թարգմանել տալ չինարեն և որոնել են այդ լեզվին հմուտ մեկը, որը ոչ միայն կթարգմանի, այլև քոլեջում կդասավանդի չինարեն: Եվ ահա երկար և ապարդյուն որոնումներից հետո Ֆորթ Վիլյամի պաշտոնյաները գտել են չինահայ առևտրական Հովհաննես Ղազարյանին: Հովհաննես Ղազարյանի հայրը հարուստ առևտրական էր, ծնունդով հավանաբար Նոր Ջուղայից: Որդին չինարեն լեզվին տիրապետել է մանկուց` իրենց տանը ապրող երկու քրիստոնյա չինացի տղամարդ և կին ծառաներից: Նա վարժ իմացել է նաև հայերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները: Հետագայում ավագ Ղազարյանը որդու համար մի չինացի ուսուցիչ է բերել Կանտոն (այժմ` Գուանճոու) քաղաքից, որը Հովհաննեսին չինարեն գրել և կարդալ է սովորեցրել: Անգլիական իշխանությունները, տեղեկանալով նրա չինագիտությանը, հրավիրել են աշխատելու որպես չինարենի թարգմանիչ: Աշխատանքի անցնելով` երիտասարդ հայորդին անմիջապես ձեռնամուխ է եղել Աստվածաշնչի թարգմանությանը: Ձեռքի տակ ունենալով հայերեն և անգլերեն հրատարակությունները` նախապես նա թարգմանել է Հովհաննու Ավետարանը: Նշենք նաև, որ Ջոաննես Լասսարին թարգմանության գործում աջակցել է նրա աշակերտ, անգլիացի չինագետ, բապտիստական քարոզիչ Ջոշուա Մարշմանը (1768–1837), որն արդեն փորձ ուներ Աստվածաշունչը տարբեր հնդկական լեզուներով թարգմանելու գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել