Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որ խնդիրների պատճառով հայ գործարարները չեն կարողանում մասնակցել ԵՏՄ շրջանակներում իրականացվող պետական գնումների գործընթացին, ասաց  որ առաջին ու հիմնական խնդիրը կապված է էլեկտրոնային ստորագրությունների հետ:

«ԵՏՄ անդամ պետությունների տարածքում պետական գնումներն էլեկտրոնային եղանակով են իրականացվում՝ մասնավորապես Ռուսաստանում, Ղազախստանում, և էլեկտրոնային գնումներին մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողները փաթեթը էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային ստորագրությունների առկայությամբ ներկայացնեն»,-ասաց նա:

Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ ներկայումս աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի հայկական ընկերությունները կարողանան հեշտությամբ ստանալ էլեկտրոնային ստորագրությունները և էլեկտրոնային եղանակով մասնակցեն ԵՏՄ անդամ պետությունների տարածքում անցկացվող մրցույթին:

«Հայ գործարարները կարող են մասնակցել պետական գնումներին՝ այլ ճանապարհներով, մասնավորապես հայկական ընկերությունները կարող են ներկայացուցչություն ունենալ, դուստր ընկերություն ունենալ այդ երկրների տարածքում և այդ ճանապարհով մասնակցել պետական գնումների մրցույթներին: Այնուհանդերձ մենք ցանկանում ենք առավել բարենպաստ պայմաններ ստեղծել հայկական ընկերությունների համար, որ հայկական ընկերությունները ոչ թե լրացուցիչ ծախսեր կատարեն այլ հենց Հայաստանից կարողանան մասնակցել այդ մրցույթներին, հեշտացնում ենք իրենց աշխատանքը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել