«ATV» հեռուստաընկերության նոր՝ «Քարե դարդ» սիթքոմը շուտով էկրաններին կլինի։ Մինչ այդ BlogNews-ը ներկայացնում է լուսանկարներ նկարահանումներից և հարցազրույցներ հերոսների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Աննա Մանուչարյանն է։ Վերջինս մարմնավորում է ցեղապետի դստերը։ Նրա և Անատի Սաքանյանի հերոսուհիները քույրեր են։ Ի տարբերություն քույրիկի՝ Աննան բոլորովին էլ գլամուր աղջիկ չէ։

Աննայի հերոսուհին ամուսնացած է Արմուշի հերոսի հետ։ «Արմուշի կերպարի մեջ գնահատել եմ մարդկային արժեքները՝ բարությունը, միամտությունը։ Որպես քարե դարի տղամարդ, ով պետք է կարողանա որս անել, Արմուշն այդքան էլ չի փայլում, նրա մոտ չի ստացվում որս անել։ Այդ իսկ պատճառով հայրս կողմ չէ մեր ամուսնությանը, սակայն ես շատ հպարտ եմ, և մենք ամեն բան անում ենք, որպեսզի կախված չլինենք հորիցս»,- պատմեց Աննան ու հավելեց, որ ինքը քարե դարի տնային տնտեսուհի է։

«Ինձ բավականին լավ եմ զգում քարե դարում՝ կերպարս, հագուստս ինձ շատ են դուր գալիս։ Ունենք լուրջ մասնագետներ՝ ոճաբաններ, ովքեր աշխատել են մեր հագուստների վրա։ Ես հեռավոր ակնարկ արել եմ, որ չեմ ցանկանում՝ հագուստս շատ բաց լինի։ Քանի որ իմ կերպարը տան կին է, փորձել ենք հնարավորինս փակ հագուստ կարել, որքանով որ քարե դարը դա թույլ է տալիս»,- ասաց Աննան։

Դերասանուհին առաջին անգամ է նկարահանվում սիթքոմում։ Տևական ժամանակ Աննան չէր ներկայանում որևէ հեռուստանախագծում։ BlogNews-ին տված հարցազրույցում Աննան ասել էր, որ փորձում է ամբողջ ժամանակը տրամադրել դստեր դաստիարակությանը, սակայն այս նախագծի համար Աննան կարողացել է ժամանակ գտնել։

«Առաջարկն ընդունեցի, որովհետև այս սիթքոմն իր տեսակի մեջ հետաքրքիր և աննախադեպ է՝ հագուստներից մինչև սցենարային լուծումները։ Ինձ համար հետաքրքիր է նաև ինձ փորձել նոր կերպարում։ Մի քիչ անհանգստանում եմ աղջկաս պարապմունքների համար, սակայն ծնողներս, եղբայրս օգնում են ինձ։ Ինչքան էլ փորձեմ հարմարվել, հասկանում եմ, որ մի փոքր էլ պետք է իմ մասնագիտությամբ զբաղվեմ»,- ասաց դերասանուհին։

Աննայից տեղեկացանք, որ օրեր առաջ դուստրը եկել էր նկարահանումներին. «Տեսավ տաղավարը, կերպարս ու շատ ոգևորվեց։ Անհամբեր սպասում է, թե երբ եթերում կլինի, որ դիտի»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել