Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ողջ աշխարհում փնտրել և ոչնչացնել Սինայի թերակղզում Airbus A321 օդանավի կործանման պատճառ դարձած ահաբեկչության բոլոր մասնակիցներին։ Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում, գրում է lifenews.ru-ն։

«Նախագահը հանձնարարել է մեր հատուկ ծառայություններին միջոցներ ձեռնարկել պարզելու համար բոլորին, ովքեր ներգրավված են այդ նողկալի ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ, նա հանձնարարել է փնտրել այդ մարդկանց ողջ աշխարհում՝ անկախ աշխարհագրությունից, առանց վաղեմության որևէ ժամկետի և ոչնչացնել բոլոր այդ մարդկանց»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

«Անձնական իրերի և ինքնաթիռի մասերի հետազոտությունը, ինչպես նաև փորձաքննությունը բացահայտել են A321 օդանավում պայթուցիկ նյութի հետքեր»,- հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը։

Նա հավելել է, որ ինքնաթիռում գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքի հզորությունը տրոտիլային համարժեքով եղել է մոտ 1 կգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել