Յուրաքանչյուր տարի դիզայներներն ամփոփում են տարվա կարևոր թրենդները: Չնայած դրանք տարվա ընթացքում շատ են լինում, բայց դիզայներները որոշել են առանձնացնել 6 կարևորները: Պետք է նշել, որ այս ալիքը հասել է նաև Հայաստան, և շատ աղջիկների հագին էլ կարելի էր տեսնել հետևյալ թրենդները:

  1. Բիրկենշտոկ

«Birkenshtok» անվանումը գալիս է գերմանական «Birkenstock» ընկերությունից, ով արտադրում է Եվրոպայում արդեն հայտնի օրթոպեդիկ կոշիկներ: Առաջին անգամ այս սանդալները տեսանք «Marni», «Givenchy» և «Celine» գարուն-ամառ ցուցադրությունների ժամանակ: Բայց հետաքրքիր է, որ մեր մայրերն էլ էին ժամանակի հագնում նմանատիպ սանդալներ, միայն թե տանը, ոչ թե դրսում: Ինչևէ, նորաձև աղջիկներն այս սանդալները համադրեցին ինչպես ջինսե տաբատների, այնպես էլ կիսաշրջազգեստների հետ: Նորաձևության այս ալիքը հասավ նաև Հայաստան, և այս ամառ երևանցիների հագին էլ տեսանք այս սանդալներից: Իսկ եթե խոսենք գնային քաղաքականությունից, ապա նշեմ, որ դրանց գները տարբեր էին՝ կախված նրանից, թե որ խանութից էիր ուզում այն գնել՝ 12.000, 15.000, 17.000, 25.000 դրամ: Կարծում եմ՝ այս թրենդը դեռ մյուս տարի էլ ակտուալ կլինի: 

    2. Բախրամա 

Եվս մեկ «բարև» 70-ականների նորաձևությունից, որը, մի քիչ ձևափոխվելով, հարմարեցվել է մեր ժամանակներին: Բախրաման կարող է տարբեր լինել՝ երկար և կարճ, օգտագործվել ինչպես ժիլետների, երեկոյան զգեստների, այնպես էլ պայուսակների վրա: Լավ է, որ այս ամենին հետևում են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, օրինակ՝ այս ոճում վերջերս տեսել եմ Գոհար Գասպարյանին, ում, ինչ խոսք, ոճը բավականին սազում էր: Խանութներում գները սկսվում են 34.000 դրամից: 

    3. Կանացի բրդյա ժակետ

Բրդյա ժակետն աշնանային սեզոնին հայտնվեց թրենդում և բավականին հետաքրքիր մոդել է: Այս բրդյա ժակետին նայելիս պատկերացնում ես քեզ ինչ-որ փայտե տան մեջ՝ թեյ խմելիս: Անգամ այն մարդիկ, ովքեր այնքան էլ չեն սիրում բրդյա հագուստներ, սկսեցին այն կրել: Երևանում կարդիգան կարելի է գնել 26.000-30.000 դրամով: Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ չի հրաժարվել նորաձև լինելու գաղափարից, և նրա հագին վերջերս տեսա «Chanel» ապրանքանիշի կարդիգան:

     

    4. Նեոպրեն կտորից լողազգեստ

Այս ամառ նորաձև էին նեոպրեն կտորից տարբեր գույների լողազգեստները: Ի դեպ, նեոպրեն կտորը բավականին շատ պահանջարկ ունի այսօր, դրանից նաև վերարկուներ են կարում, կիսաշրջազգեստներ, ինչպես նաև սպորտային հագուստներ: Այս լողազգեստներն արտադրում է «Triangel» ընկերությունը, օրիգինալը կարելի է գնել 89$-ով, իսկ Հայաստանում կրկնօրինակը կարելի է գնել 15.000 դրամով: Այս ամառ հայկական շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ որոշեցին ամառն անցկացնել նորաձև լողազգեստով և մի քանի լուսանկարներ հրապարակեցին իրենց հանգստից. նրանցից են Օլգա Այվազյանը և Յանա Դանիելյանը: 

     5. Օվերսայզ վերարկուներ

Սրանք այն վերարկուներն են, որոնք վրադ մի չափս մեծ են։ Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր թրենդ է, և անգամ հայ դիզայներները սկսեցին առաջարկել նման վերարկուներ իրենց հավաքածուներում: Նորաձև աղջիկներն այս վերարկուները համադրում են ինչպես սպորտային կոշիկների, այնպես էլ դասական կոշիկների հետ: Ի դեպ, այս թրենդը նորաձևության մեջ մտավ դեռ 2012 թվականից, բայց, ինչպես ոճաբաններն են կանխատեսում, այն ակտուալ է լինելու նաև 2016 թվականին: Հայ ոճաբաններն առաջարկում էին իրենց մոտ դրանք պատվիրել 50.000 դրամով, իսկ խանութներում այս վերարկուները կարելի էր գտնել 20-30.000 դրամով: 

Ի դեպ, օվերսայզ վերարկուներ տեսել եմ գեղեցկուհի քույրիկներ Անուշիկ և Արևիկ Ալավերդյանների հագին: 

  6. Կլոր ակնոց

Հիմա հերթն ակնոցներինն է, և պետք է նշեմ, որ այս դեպքում էլ 70-ականների նորաձևությունն իրենն ասել է, քանի որ այս ոճի ակնոցներ կարելի էր գտնել մեր մայրիկների դարակներում: Այս ակնոցները ցանկացած աղջկա տալիս են ռետրո տեսք: Նման ակնոցներ այս ամառ կրեցին Սիրուշոն և Սիլվա Հակոբյանը: Դրանք մեզ մոտ կարելի է ձեռք բերել տարբեր գներով՝ կախված գրպանի պարունակությունից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել