Կյանքը մեզ ամեն քայլափոխի տալիս է ոգեշնչվելու հնարավորություն, պարզապես պետք է նկատել այդ պահերը:

Երբ փոքր էի, շատ չէի լսում ժողովրդական երաժշտություն, իսկ ժողովրդական երգերին ծանոթ էի մորս և նրա կոլեգաների կատարումներից: Երբ հորս խորհրդով սկսեցի ձայնագրել Շերամի երգերը, ինքս ինձ համար բացահայտեցի, թե որքան իմն է այն: Քանի որ փոքր տարիքից ստեղծագործում էի ժամանակակից ոճում, որոշեցի ինձ երկու հարազատ ժանրերը համատեղել: Վերջերս, երբ Կոմիտաս էի լսում, «Լոռվա գութաներգ»–ի մեջ ինձ մի հատված այնքան ոգեշնչեց, որ մի ակնթարթում մտովի լսեցի իմ նոր վերջնական երգը և պատկերացրի տեսահոլովակը: Հիմա պետք էր այս ամենը հերթականությամբ իրականացնել, իսկ ինձ մոտ այդ հերթականությունը չի սահմանափակվում գործիքավորում, խոսքեր և ձայնագրում պրոցեսով: Սկսեցի ուսումնասիրել «Լոռվա գութաներգ»–ի հետ կապված գրեթե բոլոր նյութերը, ընթերցեցի Կոմիտասի գրած վերլուծությունը այս երգի շուրջ, հանդիպեցի մարդկանց, ովքեր քաջածանոթ են վարպետի ստեղծագործություններին և դրանց ծագմանը: Մասնագետների, ովքեր առհասարակ դեմ են Կոմիտասի երաժշտության ժամանակակից ներկայացմանը և փորձեցի հասկանալ ինչու: Չնայած նրան, որ չէի պատրաստվում նորովի ներկայացնել Կոմիտասի աշխատանքը, այլ այն ուղղակի իմ ոգեշնչման աղբյուրն էր հանդիսացել, ամեն դեպքում ինձ համար շատ կարևոր էին բոլոր ուսումնասիրություններս:

«Լոռվա գութաներգ»-ում նկարագրվում է, թե ինչպես է հողի մշակը իր երգով ոգևորում գոմեշին, գութանը կապած լծին՝ հողն է հերկում: Այս թեման հայերի մեջ ունեցել է մեծ համարում, փառաբանվել ու գովերգվել հորովելներում և ժողովրդական այլ ստեղծագործություններում:

Երգիս երաժշտությունը և ռիթմը աշխարհի այսօրվա զարկերակի և ներվի արտահայտումն է: Որքան էլ մոտ լինեմ արմատներիս,  չեմ ուզում անտեսել այն ժամանակը և իրականությունը, որի մեջ ապրում եմ: Եթե անգամ այն անվանենք ակումբային, պարային, ապա ես այսպիսին եմ պատկերացնում հայկական ակումբային երաժշտությունը, որ որքան էլ ժամանակակից լինի, հիմնված լինի հայկական հիմքերի վրա և ասելիք ունենա:

Երգի խոսքերն այս դեպքում ինձ համար հատկապես կարևոր էին, քանի որ ասելիք ունեի, այնքան շատ ասելիք, որ միտքս խոսքիս հերթ չէր տալիս, հասկացա, որ ինձ հետ գաղափարս կարող էր կիսել և միտքս ճիշտ տեղ հասցնել միայն իմ տաղանդաոր ընկեր Ավետ Բարսեղյանը:
Խոսքս տեղ հասցնելու համար ինձ պետք է օգներ երգիս հերոսը՝ գոմեշը: Գոմեշը, որը խորհրդանիշ է աշխատասիրության, որը համառ և համբերատար իր ուսերին է կրել իր բեռը: Այսօր աշխարհը լի է վայրագությամբ, չարությամբ, արժեքներ ու արժանապատվություն կորցրած բազմերեսանի մարդկանցով: Իմ երգն իմ բողոքն է այս ամենի դեմ և գովաբանումն է այն մարդու, ով ազնիվ ու արդար է ինքն իր առջև ու իր քայլերի մեջ, ով ինչպես երգիս հերոսը լուռ և պատվով իր բեռն է տանում ու երբեք չի բողոքում ու չի հանձնվում. նա հերոս է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել