Tert.am-ը գրում է.

Կրթության և գիտության նախարարը չի կարող հանձնարարել դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի կողմից հնչեցրած հայտարարություններին, թե Աշոտյանը դպրոցներում «զանգվածաբար մարդկանց դրդում է հանցագործություններ կատարել»:

Արմեն Աշոտյանը Զուրաբյանի պնդումները գնահատեց որպես անտեղյակ, ապա նշեց. «Այն, որ Լևոնը Զուրաբյանն ունի աղոտ պատկերացումներ կրթական համակարգի մասին, ինձ չի զարմացնում: Անգամ մեծ ցանկության դեպքում ԿԳ նախարարը չունի լիազորություն՝ հանձնարարություն տալ ՀՀ բոլոր դպրոցներին: Դրա համար առնվազն պետք է 12 հանձնարարություն՝ մարզպետներ, տարածքային կառավարման նախարար և այլն»:

Մեղադրանքներ հնչեցնելու մասով ԿԳ նախարարն ասաց, թե ակնհայտ է, որ Լևոն  Զուրաբյանը չունի տարրական իմացություն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների մասին:

«Կա անմեղության կանխավարկած, հետևաբար, պետք է ապացույց ներկայացնել, թե ինչում եմ ես մեղավոր»,- շեշտեց ԿԳ նախարարը՝ ասելով, որ պատգամավորը չի կարող ապացույցներ ներկայացնել, որովհետև նման բան գոյություն չունի: Արմեն Աշոտյանը նաև նշեց նաև, որ իրեն ուրախացնում է հանգամանքը, որ իր «համեստ գործունեությունը ՀԱԿ-ը բարձր է գնահատում: «Պարզապես պետք է խնդրեմ չֆետիշացնել ինձ»,– ասաց նա:

«ՀՀԿ-ն ունի չորս փոխնախագահ, եթե ՀԱԿ-ը սևեռվել է մեկի վրա, չորսով ո՞վ է զբաղվելու»: «Կան «ոչ»-ի տարբեր կենտրոններ, առնվազն չորս կենտրոն ինձ  է հայտնի: Խնդիրը, որը դնում է ՀԱԿ-ի գործընկերը, անհիմն ինձ մեղադրելով, փորձում են ստանալ համապատասխան պատասխան և դառնալ «ոչ»-ի Գյուլչիտայը: Ես չգիտեմ՝ «ոչ»-ի Գյուլչիտայը ով է, բայց ես դա չեմ որոշելու»,- նշեց Աշոտյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀԱԿ-ին՝ իր կողմից վարվող «Եռանկյունի» հաղորդումն անվճար գովազդելու համար:

Իսկ Լևոն Զուրաբյանն էլ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե Արմեն Աշոտյանն իր մեղադրանքները գնահատում է որպես գովազդ, ապա ինքը «մշտապես կապահովի այդ գովազդը»: Զուրաբյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արմեն Աշոտյանն իր արարքի համար քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել: «Ովքեր կատարում են Արմեն Աշոտյանի հրամանները, թող իմանան, որ դրա համար հասնում է քրեական պատասխանատվություն՝ 140-րդ հոդվածի համաձայն»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի վարած «Եռանկյունի» հաղորդմանը, Լևոն Զուրաբյանն ասաց, թե դրանով ևս Աշոտյանը խախտում է անկողմնակալության սկզբունքը: «Ո՞նց եք պատկերացնում, հիմա Հիլարի Քլինթոնը գնա շոու վարի ու լինի անկողմնակալ: Ասենք թեկնածուների միջև բանավեճ լինի գնա վարի,մենք կարո՞ղ ենք հավատալ նրա պնդումներին, որ ինքը անկողմնակալ է: Միայն իր փայլփլող դեմքը բավարար է, որ անկողմնակալության բոլոր սկզբունքները խախտվեն»,- եզրափակեց Զուրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել