Այն, որ ԻԻՀ-ը միջուկային հիմնախնդրի շուրջ ս.թ. հուլիսի 14-ին ձեռքբերված համաձայնությունից հետո նման մեծ ակտիվությամբ կներգրավվի տարածաշրջանային գործընթացներում և աննախադեպ աշխուժություն կցուցաբերի ԵՄ երկրների հետ խնդիրները կարգավորելու ուղղությամբ, թերևս անսպասելի էր նրա ավանդական հակառակորդի՝ ԱՄՆ համար: Վերջինիս ղեկավարությունն օրեր առաջ որոշում ընդունեց մեկ տարով երկարաձգել ԻԻՀ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ դա պատճառաբանելով նրանով, որ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները դեռևս չեն կարգավորվել: Հետաքրքիրն այն է, որ Վաշինգտոնն ուժի մեջ է թողել նաև այն պատժամիջոցները, որոնք կապված չեն Թեհրանի միջուկային ծրագրի հետ:

Այնուամենայնիվ, դա չի կարող որակվել ԱՄՆ կողմից վերադարձ դեպի իր նախկին քաղաքականությունը, որի նպատակն էր տնտեսական պատժամիջոցների շնորհիվ «ծնկի բերել» ԻԻՀ-ին: Այն ավելի շուտ ժամանակ երկարաձգելու փորձ է, որի ընթացքում գուցե շիա հոգևոր-քաղաքական վերնախավի դիրքերն զգալիորեն թուլանան երկրի ներսում և տարածաշրջանում, որի արդյունքում հնարավոր կլինի «սանձել» Թեհրանի՝ հավասարը հավասարի դիրքերից հանդես գալու հավակնությունները:

Եթե նայում ենք վերջին մի քանի օրերի զարգացումներին, ապա ամեն ինչ կարծես հենց այդ տրամաբանությամբ է զարգանում. անհանգիստ իրավիճակ և հուզումներ ԻԻՀ հյուսիսարևմտյան թյուրքախոսների շրջանում, որն սկսվեց կոպիտ, բայց անմեղ թվացող հումորային հաղորդումից, «ԻՊ» ահաբեկիչների ակտիվացում Լիբանանում ընդդեմ ԻԻՀ կարևորագույն դաշնակցի՝ Հեզբոլլահի (Բեյրութի պայթյունները):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել