Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստի ընթացքում, որտեղ օրակարգի հարց է եղել ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում, որոշվել է, որ ԲՀԿ-ն չի առաջադրում սեփական թեկնածու 2013 ՀՀ նախագահական ընտրություններին:
Անխոս, այս որոշումը անսպասելի էր և՛ որոշ ԲՀԿ-ականների, և՛ հանրության լայն շերտերի համար, քանի որ մեր հանրությունը շատ սպասելիքներ ունի ԲՀԿ-ից:
Չնայած նրան, որ այս որոշումը հիասթափություն առաջացրեց որոշ մարդկանց մոտ, սակայն պետք է նշել, որ ԲՀԿ-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ քաղաքականության մեջ կարևորը «աթոռները» չեն:
Կարծում եմ, որ այս որոշումը ևս ունի իր հիմնական պատճառները`
1. Դեռ ընտրությունից մի քանի ամիս առաջ իշխող կուսակցության ներկայացուցիչները արդեն հանդես են գալիս հայտարարություններով, թե բոլորը պետք է պայքարեն երկրորդ տեղի համար:

2. Եթե իրականում այդպես է, ԲՀԿ-ն չէր կարող համակերպվել ամեն գնով, «կեղծիքներով» ընտրություն անցկացնելու և վերարտադրվելու` իշխանության ցանկության հետ:

3. Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, պետք է կրկնվեր 2008թ. մարտի մեկի սցենարը, իսկ ևս մեկ մարտի մեկը մեր ժողովրդի համար կործանարար կլիներ թե՛ ներքին և թե՛ արտաքին ճակատում (մենք ունենք նաև պատերազմի վերսկսման վտանգ):

Հ.Գ. Կարելի է վստահ ասել, որ ԲՀԿ-ն, չգնալով «ժողգործիքների» ճանապարհով և չսատարելով և ոչ մի քաղաքական ուժի, ապահովագրեց մեր հանրությանը հնարավոր ևս մեկ ցնցումից: Եվ միաժամանակ ստեղծեց լավ հարթակ 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել