Ընդունված է, որ «դեմոկրատիան» մեծամասնության կառավարումն է, որը ժամանակակից երկրներում իրականություն է դառնում ընտրությունների միջոցով այս կամ այն թեկնածուին քվե տալու արդյունքում: Սակայն եթե հարցին մոտենանք մասնագիտական օբյեկտիվության տեսանկյունից, ապա հարկ է նշել, որ դեմոկրատ/դեմոկրատացող երկրներում ոչ միշտ և ոչ բավարար կերպ է դա իրողություն դառնում: 
Խոսքը զուտ ընտրական գործընթացի և հատկապես նրա մասնակցային բաղադրիչի մասին է:

Դիցուք, ընտրություններին մասնակցում են մի քանի թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրն ընտրական գործընթացի արդյունքում ստանում է որոշակի ձայներ: Եթե ընտրություններն անցնում են մեկ փուլով, և թեկնածուներից մեկը ստանում է ընտրություններին քվեարկած քաղաքացիների ձայների 50 +1%-ը, ապա նա բնականաբար հաղթում է (եթե չի ստանում, տեղի է ունենում երկրորդ փուլ՝ դրանից բխող հետևանքերով):

Սակայն արդյո՞ք հաղթողն իրականում ստացել է երկրի քաղաքացիների ձայների մեծամասնությունը: Փորձենք հասկանալ. նախ՝ կան քաղաքացիներ, ովքեր չեն մասնակցում ընտրություններին, կան քաղաքացիներ, ովքեր չեն ընտրել «ընտրված թեկնածուին», կան անչափահասներ, ովքեր իրավունք չունեն մասնակցել ընտրություններին, կան քաղաքացիներ, ովքեր չեն կարողացել մասնակցել ընտրություններին տեխնիկական պատճառներով, կան քաղաքացիներ, ովքեր, կապված ընտրական օրենսդրության առանձահատկությունների հետ, իրավունք չունեն մասնակցել ընտրություններին: Մի խոսքով, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն մասնակցել կամ չեն ընտրել «ընտրված թեկնածուին»:

Եթե տվյալ ընտրությունները հեղափոխական պայմաններում չեն անցկացվում, երբ թեկնածու հանդիսացող խարիզմատիկ գործիչների հեղինակությունը շատ բարձր է, ապա թեկնածուներից որևէ մեկը սովորաբար չի ունենում հանրային բացարձակ աջակցություն: Հետևաբար, երբ խոսում են ընտրությունների ժամանակ «հաղթած թեկնածուի» մասին, մենք պետք է հասկանանք, որ հաշվարկը կատարվում է ընտրություններին մասնակցած մարդկանց ցուցիչով, որը միշտ չէ, որ երբեմն չի համապատասխանում է տվյալ պետության ու երկրի քաղաքացիների մեծամասնությանը:

Մի կողմից սա նորմալ է, մյուս կողմից՝ օբյեկտիվորեն չի արտացոլում դեմոկրատիայի իրական էությունը: Սա իրականում փաստում է, որ միայն բարձր, շատ բարձր քաղաքացիական մասնակցության ինդեքսի պարագայում է (այն էլ ոչ միշտ) իրողություն դառնում պետության քաղաքացիների մեծամասնության ընտրած թեկնածուի կառավարման իրողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել