ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ա. Խամենեին ակնհայտորեն շարունակում է չկիսել գործող բարեփոխական կառավարության լավատեսությունը միջուկային հիմնահարցի շուրջ համաձայնությունից հետո Արևմուտքի հետ խնդիրների հնարավոր կարգավորման հարցում: Դա է վկայում այն, որ չնայած կառավարության հորդորներին՝ «5+1» երկրների հետ ձեռքբերված համաձայնագիրը ժամանակից շուտ չքննադատելու վերաբերյալ գերագույն հոգևոր առաջնորդին մոտ կանգնած պահպանողական թևի ներկայացուցիչների՝ կառավարության հասցեին հնչեցրած սուր քննադատությունների բնույթը, կարծես, չի փոխվում:

Այսօր առավոտյան երկրի նահանգապետերի (օսթանդար) հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ ստեղծված իրավիճակի պարզաբանմամբ է հանդես եկել ԻԻՀ ԱԳ նախարար Մ. Ջ. Զարիֆը: Նա նշել է, որ առայժմ «Ընդհանուր գործողությունների համապարփակ ծրագիրը» (պարսկ.՝ «برجام»: Այդպես է կոչվում Վիեննայի՝ ս.թ. հուլիսի 14-ի համաձայնությունից հետո կառավարության՝ երկրի զարգացմանն ուղղված նոր ծրագիրը) նախատեսված չէ բոլոր խնդիրներին հապճեպ լուծումներ առաջարկելու համար, և այն ժամանակ է պահանջում:

ԻԻՀ ԱԳ նախարարն ԸԳՀԾ-ի լավատեսական գնահատականը սահմանել է 95, իսկ հոռետեսականը՝ 5 միավորը, բայց նկատել է, որ երկու դեպքում էլ կարող են հանգել զրոյական ցուցանիշի, եթե այսուհետ չդադարեն վերը նշված ծրագրի շուրջ ներքին խմորումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել