2310560001445244647Aadmag.am-ը գրում է.

«Հայկական կողմի ընդունած որոշումը՝ չմասնակցել զեկույցի պատրաստման աշխատանքներին, ճիշտ էր, ինչը հնարավորություն է ԵԽԽՎ լիագումար նիստում պրոադրբեջանական քարոզչական փաստաթուղթն ուղղել հենց Ադրբեջանի դեմ»,–քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից հավանության արժանացած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ

Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի նախագծի մասին։ Ըստ նրա, եթե հայկական կողմը զեկույցի պատրաստմանը մասնակցելու որոշում ընդուներ, ընդամենը կլեգիտիմացներ եւ իրավական հզոր ուժ կտար այդ փաստաթղթին, կստացվեր, որ հակամարտող երկու կողմերը եկել են այն եզրակացության, որը կանխորոշված էր։ «Լիագումար նիստում լինելու են քննարկումներ, եւ այս փաստաթուղթը միակողմանի տեքստով՝ համակցված Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղական զարգացումներով, հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացը տապալելու Բաքվի քաղաքականությամբ, կարող է բավականին հետաքրքիր քննադատությունների, դժգոհությունների մեծ ալիքի պատճառ դառնալ հենց ԵԵԽՎ ներսում՝ ուղղված Ադրբեջանի դեմ։ Այս պահին մեր խնդիրը պետք է լինի նման ալիքի ձեւավորումը՝ հունվարին այս բացթողումը կամ թերությունը լիարժեք Ադրբեջանի դեմ ուղղելու նպատակով։

Պետք է հետեւողական աշխատանք»,–ասել է Հ.Մելիք-Շահնազարյանը։ Նա նաեւ նշել է, որ խոսքը չի վերաբերում միայն ԵԽԽՎ ներսում աշխատանքներին. «Կարելի է օգտվել արդեն իսկ առկա միջազգային փորձից, փորձել բացահայտել զեկույցը պատրաստողի, դրա օգտին քվեարկող պատգամավորների ծախված լինելու հանգամանքը»։ «Մենք պետք է կարողանանք աշխատել եւ թույլ չտալ, որ ԵԽԽՎ լիագումար նիստում ադրբեջանական լոբբինգական համակարգը հաղթանակի։ Մենք կարող ենք դա անել, եթե բոլորս կարողանանք աշխատել միասին»,–իր հերթին նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ Նրա խոսքով, հայկական կողմը պետք է կարողանա մոբիլիզացնել այն ուժերը, ովքեր գիտակցում են, որ այս տեսակի մոտեցումը կարող է հարվածներ հասցնել բանակցային գործընթացին, ցանկանում են նպաստել խնդրի կարգավորմանը։

Թ. Պողոսյանի խոսքով, հասկանալի է, որ զեկույցի տեքստը գրված է Ադրբեջանում. «Այդ տեքստը չի դիմանա որեւէ քննադատության ցանկացած մասնագետի կողմից, ով տարածաշրջանի խնդիրներն իմանում է։ Իր իմաստով այս բանաձեւը լինելու է մի փաստաթուղթ, որին հղում է կատարելու միայն ադրբեջանական կողմը։ Այդ փաստաթղթով չեն առաջնորդվելու ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ հայկական կողմը, ոչ էլ որեւէ միջազգային կառույց։ Որեւէ բան նման փաստաթղթով չի որոշվելու։ Խնդրի որոշումը եւ բանալին գտնվում են միայն ԼՂՀ ձեռքերում։ Եթե ունենանք հզոր բանակ, հզոր տնտեսություն, ժողովրդավար երկիր, այս տեսակի փաստաթղթերն ազդեցություն չեն ունենա, ուղղակի գլխացավանք են լինելու»։

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է ԵԽԽՎ-ում օրերս ընդունված խնդրահարույց բանաձեւին՝ կապված ԼՂ հիմնախնդրի հետ։ Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել «Twitter»-ի իր էջում։ «ԵԽԽՎ-ն եւ մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ նախքան ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույց կամ բանաձեւ հրապարակելը»,– ասել է Ուորլիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել