Շառլ դե Գոլն ասում էր. «Քաղաքականության մեջ անհրաժեշտության դեպքում երբեմն պետք է լինում դավաճանել պետությանդ կամ քո ընտրողներին, ես նախընտրում եմ երկրորդը»: Այս դեպքում ընտրողը կմոտենար ըմբռնումով, կհասկանար, որ դավաճանվեց հանուն ազգային պետական շահի, դավաճանվեց՝ վաղն ավելի կայուն ոտքերի վրա կանգնած հայրենիքում ապրելու համար: Իսկ ահա ինչ անել, երբ սեփական իշխանությունդ դավաճանում է հա՛մ քեզ, հա՛մ իր հայրենիքը, ընդ որում՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Ու հետո, երբ փաստն է առկա բոլորիս աչքի առաջ, պետական գործիչը կասի, թե մեր երկրում միգրացիայի տոկոսի աճ չի նկատվում: Իսկ ինչպե՞ս կարող է չնկատվել, երբ այսօր հայն ապրում է սեփական իշխանություններից դավաճանված հայրենիքում՝ դավաճանված լինելով: Ինչ գրեմ, որ հասկանալի լինի դավաճանության չափը: Նույնիսկ դժվար է, բայց հիշենք պատմությունը: Քանի՞ անգամ ենք հույսներս դրել ուրիշի վրա ու վերջում մեր անխելքության համար պատասխան տվել, դատարկ թղթեր ենք տվել ոմն Իսրայել Օրու, հայ նախարարների կնիքներով, ասել ենք՝ տար, ինչ հարմար ես գտնում, գրի: Ուրիշների կողմից դավաճանվել ենք, ու դա դեռ մեզ դաս չի եղել: Մենք շարունակում ենք ուրիշներից վարկեր մուրալ, բայց մուրացկանության արդյունքում իշխանական փորերը շարունակում են ուռել, իսկ ժողովուրդը՝ դավաճանվել: Փաստը ձեր աչքի առաջ է: Այլ բան չեմ ասում, որպեսզի լինի ավելի տեսանելի, խնդրած կլինեմ գնալ Հայաստանի քաղաքներ ու գիշերային ժամերին՝ 21:00-ից 23:00 օրինակ, նայել շենքերի պատուհաններին ու հաշվել, թե ամեն շենքում քանի վառ լույս կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել