Ծառայել «հաղթանակած բանակում». սա արդեն ցանկացած հայ տղամարդու հպարտության արգասիք է: Հայ զինվորի կոչումն արժանապատվորեն կրելու համար ցանկացածը պետք է գիտակցի իր դերն ու կարևորությունը բանակաշինության գործընթացում: Մենք շրջապատված ենք այնպիսի թշնամիներով (Թուրքիա, Ադրբեջան), որոնք մեր դարավոր թշնամիներն են, և բացարձակ իրավունք չունենք թուլացնել մեր զգոնությունը: Հարկ եմ համարում նշել, որ ոչ պակաս կարևոր է նորակոչիկի վերաբերմունքն ու ինքնագիտակցության այն զգացումը, որ այն, ինչ սովորեցնում են բանակում, դա ևս իր պայծառ ապագա կերտելու ճանապարհի հարթեցման կարևորագույն տարրերից է: Չափահաս և լավ ապրելու ձգտում ունեցող երիտասարդը բարձրագույն կրթություն ստանալու՝ մասնագետ դառնալու համար ջանք ու եռանդ չի խնայի, քանզի այդ տարիքում փոքրիշատե գիտակցում է, որ հետագայում դա լինելու է իր՝ գումար վաստակելու և ընտանիքի կարիքները հոգալու միջոցը: Բանակը ևս հնարավորություն է ընձեռնում այդ նույն երիտասարդներին մասնագետ դառնալ: Որքանով որ կարևորվում են քաղաքացիական կյանքում նշածս առավելություններն այդ հարցում, նույնքան էլ սա է կարևոր: Պետք է գիտակցել մի փաստ, այն, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակը հենց մերն է, դա մեր զինվորների և սպայական անձնակազմի նվիրվածության և ավելի շատ գիտելիք ստանալու ձգտումն է: Յուրաքանչյուր զինվոր պետք է և պարտավոր է հանուն հայրենիքի, հանուն թիկունքում գտնվող ընտանիքի բարօրության և անվտանգության դառնալ մասնագետ, հակառակ դեպքում, Աստված չանի, լուրջ պատերազմական իրավիճակում հայտնվելու պարագայում մենք կունենանք ուղղակի զինվորների ամբոխ, որոնք խուճապահար չեն կողմնորոշվի, թե ինչ է պետք անել, իսկ եթե «մասնագետներ» դառնանք, այդ դեպքում մենք կունենանք կանոնավոր բանակ, որը պատրաստ կլինի դիմակայել թշնամու ցանկացած ոտնձգության և արժանի հակահարված կհասցնի նրանց:
Առակս ի՞նչ կցուցանե, որ, նորակոչիկներ ջան, ուսումնական գումարտակներում կամ հենց զորամասերում սպաների կողմից ձեզ տրվող գիտելիքները «խլեք» ու դարձրեք ձերը, պետք չի մատների արանքով նայել, նորից եմ ասում, մեր կարգավիճակում մենք ուղղակի դրա իրավունքը չունենք:
Հ.Գ. Չծառայած տղերք ջան, ձեր պահով բան չեմ ասի, բայց իմացեք, որ դուք էլ եք մեր բանակի մաս կազմում, դուք էլ ունեք ձեր տեղն ու դերը, թեկուզ անուղղակի կերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել