Իմ ընկերներ, այս լուսանկարում դուք տեսնում եք ախորժելի և թարմ (ըստ պիտակի) խմորեղեն: Մինչդեռ դա խաբկանք է… 
Այսօր Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի հրուշակեղենի բաժնում տորթեր էի նայում (նոյեմբերի 5-ին պետք է տորթեր գնեմ, առաջին նախապայմանը` թարմ լինեն), երբ նկատեցի, որ աշխատակցուհին պիտակներն է փոխում` հինը պատռում, նորը փակցնում, որոշների դեպքում` հնի վրա նորը փակցնում: Ի սկզբանե մտածեցի, որ հաստատ գնաճ է տեղի ունեցել, հետո նկատեցի, որ գները նույնն են, ամիս, ամսաթվերն է փոխում. խմորեղեն կար, որի նախորդ պիտակին նշված էր 16/10/15, կար, որ 30/10/15, մի խոսքով՝ սրանց բոլորի վրա փակցվում էր 03/11/15 «փաթեթավորման» ամիս, ամսաթիվը: 
-Ներեցեք, Դուք այդ ի՞նչ եք անում,- հարցրեցի ես նրան:
-Դե, սա մեզ համար է,- պատասխանեց: 
-Ի՞նչն է ձեզ համար,- հարցրեցի: 
-Ես ուրիշ բան եմ անում, եթե ուզում եք այս խմորեղենից, կարող ենք թարմը տալ,- ասաց աշխատակցուհին:
Ես որոշեցի լուսանկարել վերոնշյալը և սկսեցի անել դա:
-Ներեցեք, Դուք այդ ի՞նչ եք անում,- սուպերմարկետի աշխատակցուհին հարցրեց ինձ:
-Լուսանկարում եմ, և դա ինձ համար է,- պատասխանեցի ես: 
-Դուք իրավունք չունեք լուսանկարելու,- ասաց «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատակցուհին:
-Բարի,- արձագանքեցի ու և էլ ոչինչ չասացի այս աղջկան: Անշուշտ, նա անում է այն, ինչ իրեն հանձնարարել են, հաստատ նա ինքնագլուխ իրեն իրավունք չի վերապահել հին խմորեղենի պիտակները փոխել ու վաճառել դրանք նորի անվան տակ: 
Ասույթ կա` նորը լավ մոռացված հինն է: Այս դեպքում` նորը վերապիտակավորված հինն է: Ծիծաղում ենք, մինչդեռ իրականությունը տխուր է… Լավ, եթե դա վաճառքի համար չէ, ապա ինչո՞ւ են այդ «լավ մոռացված հին» հրուշակեղենը թարմ տորթերի հետ դրել նույն ցուցափեղկում, որտեղից մարդիկ տորթեր են վերցնում և միանգամից մոտենում դրամարկղին, ի՞նչ իմաստ ունի պիտակ փակցնել դրանց վրա և հետո փոխել ամիս-ամսաթվերը:
Իմ ընկերներ, եթե ես այս ամենը չտեսնեի, հնարավոր է՝ գնեի հոկտեմբերի 16-ին կամ հոկտեմբերի 29-ին արտադրված այս խմորեղենը և թունավորեի ձեզ, հնարավոր է` շատերս այդպես էլ անում ենք: Ակամա: 
Հ.Գ. Իմ գրած ամեն բառի համար պատասխանատու եմ, «Երևան սիթի»-ի տեսախցիկներն ու աշխատակցուհին էլ` վկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել