Սահմանադրությունը երկրի այն հիմնական օրենքն է, որը չի կարող կարևոր և ոչ այնքան կարևոր, առավել ևս` անկարևոր հոդվածներ ունենալ: Բայց որոշ մանրամասներ ամեն դեպքում արժե քննարկել, օրինակ` երկրի նախագահի և վարչապետի իշխանության տարանջատումը: Համամասնական ընտրակարգ ունեցող երկրներում երբեմն թյուրիմացություն կամ նույնիսկ հակասություն է առաջանում, թե տվյալ կոնկրետ դեպքում ում իրավասությանն է պատկանում այս կամ այն հարցի կարգավորումը:

Պարզ է, որ Սահմանադրության տեքստում ամեն բան հնարավոր չէ նախատեսել, շատ հարցեր կարող են և կարգավորվում են օրենքներով: Բայց Սահմանադրությունն է յուրաքանչյուր օրենքի հիմքը, ուստի դիմենք որոշ մանրամասների համեմատությանը: Ըստ Սահմանադրության բարեփոխման նախագծի՝ երկրի նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: «Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը»,- հռչակում է նախագծի 125-րդ հոդվածի 4-րդ կետը: Եթե ընտրության երկրորդ և երրորդ փուլերն էլ են անարդյունք ավարտվում, «ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն»:

Այժմ գանք վարչապետին: Ինչպես և այժմ, այդ նշանակումը կատարում է երկրի նախագահը, բայց մի էական տարբերությամբ. նա չունի սեփական գերապատվության իրավունք և «անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»: Գրեթե նույն սկզբունքով է կազմավորվում ամբողջ կառավարությունը. «Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով (150- րդ) սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավուքի ուժով»: Այսպիսով, կադրային նշանակման հարցում հայտնվում է ևս մեկ դերակատար` սահմանադրական դատարանը:

Ինչպես տեսնում ենք, կառավարության անդամ նշանակելու ժամանակ Սահմանադրությունը պարտադրում է հաշվի առնել ոչ միայն բազմակուսակցական Ազգային ժողովի քվեարկության արդյունքը, այլև վարչապետի, նախագահի և վերջապես Սահմանադրական դատարանի կարծիքն ու եզրակացությունը: Նույնիսկ հպանցիկ հայացքը վկայում է, որ Հիմնական օրենքի բարեփոխման նախագիծն առաջարկում է երկրի վարչապետի և նախագահի իշխանության տարանջատման ողջամիտ հակակշիռներ, որոնք գրեթե բացառում են որևէ թյուրիմացություն կամ հակասություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել