Ընդհանուր առմամբ Հելոուինը չեմ սիրում, հիմնականում «ուժաստիկային» շեղվածության պատճառով։ Զանազան կերպարների հանդերձանքով ներկայանալու գաղափարը դուրս գալիս է, եթե սարսափ–կերպարների մասին չի խոսքը։ Բայց մի ուրիշ պահ կա էս տոնի հետ կապված, որ հավեսս բերում է. էն, թե ինչ հավեսով ու խանդավառությամբ են ամերիկացիները պատրաստվում ու մասնակցում էս տոնին։ Էնքան հավես է տեսնելը, որ մանկապարտեզի երեխայից սկսած՝ մինչև տարեց մարդիկ նույն հավեսով կարող են հագուստ պատրաստել իրենց համար, դիմահարդարվել, հագնվել, դերի մեջ մտնել, դդումներ զարդարել և այլն։ Ու էդ ամենն անել երեխայի հետաքրքրվածությամբ ու խանդավառությամբ։ Մի խոսքով՝ հավես է, երբ մարդիկ հավես են ունենում՝ անկախ տարիքից ու կարգավիճակից։

Քանի որ էս տարի Հելոուինը շաբաթ օր է ընկնում, մանկապարտեզներում, դպրոցներում ու աշխատավայրերում ուրբաթ օրն են նշում։ Դե, ես էստեղ դեռ կոլեկտիվ չեմ ունեցել, առանձնապես առիթ ու ցանկություն էլ չի եղել որևէ կերպ մասնակցելու էդ տոնին։ Բայց հիմա որ պրակտիկայի եմ գնում, գնալուս օրը հենց ուրբաթն է, ու էսօր ակամա Հելոուինի մեջ հայտնվեցի։ Որ հիմնական աշխատող չեմ, առանձնապես շփումներ էլ չեմ ունենում էնտեղ, ընդամենը շաբաթը մեկ եմ գնում, ինձ էլ Հելոուինի հետ կապված բան ասող չի եղել, սովորականի պես գնացի գործի։ Ավելի կոնկրետ՝ իմ տիպիկ ոճի հանդերձանքով գնացի։ Աշխատավայրում հայտարարվել էր հանդերձանքի ու դդումի ձևավորման մրցույթ։ Դդումներն արդեն ձևավորած պիտի բերեին տնից։ Հագուստի համար էլ բոլորս պիտի վեր կենայինք տեղներիցս ու շրջեինք աշխատավայրով, որպեսզի բոլորի հագուկապը տեսնեինք ու անանուն քվեարկեինք մեզ դուր եկած լավագույն հանդերձանքի օգտին։

Համարյա բոլորը Հելոուինային հանդերձանքով էին եկել։ Միայն մի քանի հոգու նկատեցի սովորական հագնված։ Ինձ թվում էր՝ ես էլ եմ սովորական հագնվածներից, դե, առնվազն իմ սովորականը, բայց պարզվեց՝ միայն իմ կարծիքով էր էդպես :))։ Որ վեր կացա, գնացի մարդկանց հագածները տեսնելու, մեկ էլ մի քանի հոգի ժպտալով մոտեցան, թե՝ հիպպի եք ներկայացնում, չէ՞, շատ սիրուն է։ Ծիծաղելով ասեցի՝ շնորհակալ եմ, բայց սա հելոուինային հանդերձանք չի, իմ հագուստն է։ Իրենք էլ, թե՝ հա՞, բայց իրոք շատ սիրուն է։ Լանչի ժամին էլ մի տղա մոտեցավ, թե՝ ի դեպ, շատ սիրուն Պոկահոնտասի հանդերձանք է, շատ կրեատիվ։ Էլի շնորհակալություն հայտնեցի ու նրա համար բացահայտեցի «դաժան» իրականությունը։ Նա էլ, թե՝ բայց շատ–շատ սիրուն է։

Հիմա մարդ չգիտի՝ իրեն լավ զգա, թե կոմպլեքսավորվի, որ իր սովորական հանդերձանքը հելոուինային ասոցիացիաներ է առաջացնում։ Փաստորեն, ես հաճախ տնից դուրս եմ գալիս հելոուինային տեսքով, ու վրաս խաբար չկա։ Բայց դե ես ինձ լավ եմ զգում իմ հանդերձանքով, հիմա թող մի քիչ էլ հելոուինային լինեմ, ի՞նչ կա որ։

Բայց ամենաարտառոց հանդերձանքը ընկերության փոխտնօրենինն էր։ Ուրեմն երևի մոտ 60–ն անց, յոթանասունին մոտ, լավ բարձրահասակ մարդ է՝ շատ հանգիստ, բարեհամբույր, համեստ, բայց միաժամանակ ակտիվ ու գործնական։ Սկզբում որ տեսա, չճանաչեցի, հետո որ տեղը բերեցի, ցնցվել էի. վհուկ կնոջ հանդերձանքով ու դիմահարդարանքով էր, թեև ոչ միայն դիմա–։ :D Հագել էր բարձրակրունկ սև կոշիկներ, սև կալգոտկի՝ ծակ–ծակ նախշերով, սև կարճ շրջազգեստ՝ վրայից կախված մի քիչ ցնցոտիանման կտորներով, վերևն էլ դեկոլտե (մարդը խնամքով թրաշել էր կրծքավանդակը :D), եղունգներին՝ սև լաք։ Դեմքի ու ձեռքերի մաշկին մոխրագույն երանգ էր տված, դեմքն ընդհանրապես լուրջ դիմահարդարման էր ենթարկված, աչքերից ու բերանից ծորացող արյան հետքերն էլ վրադիր։ Նենց էլ հանգիստ քայլում էր բարձրակրունկների վրա։ Ամբողջ ընթացքում էլ էդ հանդերձանքով մնաց։ Ամեն անգամ որ աչքովս էր ընկնում տարբեր աշխատողների հետ գործնական խոսելիս, գնալ–գալիս, ծիծաղս հազիվ էի  զսպում։ Ու ամենաուժեղն էն էր, որ ինքը հենց էդ տեսքով էլ տնից եկել էր աշխատանքի։ :)) Ու ինքը տարածաշրջանի ամենախոշոր լրատվականի փոխտնօրենն է, որին ուրիշ ժամանակ միշտ կոստյումով ես տեսնում։ Ու՞մ մտքով կանցներ :))։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել