Երևան-Գառնի-Գեղարդ տանող ավտոմայրուղու Ողջաբերդ գյուղի հատվածում ավտոճանապարհը քարուքանդ վիճակում է գտնվում: Արդեն այն աստիճանի է հասել այդ քարուքանդ վիճակը, որ մեքենաների համար անանցանելի վիճակին գումարվել է նաև վթարվելու հավանականությունը, քանզի անձրևների հետևանքով գոյացած ջրափոսերը թույլ չեն տալիս երթևեկել բնականոն ուղղությամբ, և վարորդները ստիպված դուրս են գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի՝ շրջանցելու այդ խորը ջրափոսերը: «ՃԱՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը լիազորված է սպասարկել այդ ավտոմայրուղին, կարծես «ուղտի ականջում քնած լինի»։ Անպայման պետք է ինչ-որ մեծամասշտաբ վթար տեղի ունենա, նոր անցնե՞ք ձեր պարտականությունների իրագործմանը: Կամ, ասենք, պատկերացնո՞ւմ եք՝ տուրիստական ավտոբուսը, որոնց «ներհոսքը» դեպի Գառնի-Գեղարդ բազմաթիվ է, ասենք, վթարի ենթարկվի ճանապարհի անմխիթար վիճակի պատճառով: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տույժ-տուգանքների առաջ եք կանգնելու այդ դեպքում, ավելի լավ չէ՞ խնդիրը լուծել «մանուկ» ժամանակ, քան սպասել այնքան, մինչև այն կհասունանա այն աստճանի, որ միջազգային սկանդալի կվերածվի: Բացի սա հաշվի առնենք նաև այն, որ տվյալ ավտոմայրուղուց օգտվում են 6 գյուղի բնակիչներ, ովքեր Երևան գալու համար անցնում են այդ քարուքանդ ճանապարհով: Մարդկային կյանքի ռիսկի գործոնն արդեն բավականաչափ հասունացել է, երկրորդն էլ՝ ավտոմեքենաներն ուղղակի ջարդուփշուր են լինում այդ ճանապարհին:
Դիմում, խնդրում և պահանջում եմ «ՃԱՆՇԻՆ» ընկերությանը շուտափույթ հարցին լուծում տալ, այլապես մի քանի օրից ավտոմայրուղին ուղղակի անանցանելի կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել