Կարծում եմ՝ որևէ մեկը չի ալարի ու կկարդա։
Բազմիցս անդրադարձել եմ այս թեմային, բայց ավելորդ չեմ համարում անդրադառնալ ևս մեկ անգամ, քանի որ խնդիրն ամենևին անցյալում չէ։ Այսօր շատ կարելի է հանդիպել կրոնը ծաղրող աթեիստների և հակառակը՝ աթեիզմը ծաղրող քրիստոնյաների։ Ես, լինելով անհավատ՝ աթեիստ, ուզում եմ ազնվորեն նշել, որ կրոնը ծաղրող աթեիստները համեմատաբար ավելի շատ են, քան աթեիզմը ծաղրող քրիստոնյաները։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը կոնկրետ ինձ համար անընդունելի է, ես սխել եմ գտնում ծաղրել կրոնը կամ աթեիզմը, քանի որ երկուսն էլ իրենցից ներկայացնում են գաղափարների մի ամբողջ խումբ, իսկ ծաղրել որևէ մեկի գաղափարներն ամենաքիչը սխալ է, դե գոնե իմ կարծիքով։
Մի երևույթ ևս կա՝ թեմայի հետ կապված, որին կցանկանայի անդրադառնալ. որոշ մարդիկ դիմացինին հարգում են, միայն եթե դիմացինն ունի նույն դավանանքը, ինչ ինքը, սա ավելի շատ կենտրոնացած է քրիստոնյաների մոտ, շատերը (ոչ բոլորը) չեն ընդունում աթեիստներին։ Կան նաև այնպիսիները, որ չեն ընդունում յուրաքանչյուր այլ կրոնի հետևորդների։ Աթեիստները հիմնականում մեծ նշանակություն չեն տալիս մարդու դավանանքին, ես ևս դրան կարևորություն չեմ տալիս, ինձ համար մարդուն ճանաչելու այլ, ավելի ճիշտ ձևեր կան, քան կրոնով ճանաչելն է։ Շատ տհաճ երևույթ են երևակայական աթեիստներն ու նույնպիսի կրոնավորները, ասեմ, թե ովքեր են դրանք։ Երևակայական աթեիստներն այն մարդիկ են, որոնք երևալու համար իրենց ձևացնում են աթեիստ, նրանք հավատում են Աստծո գոյությանն ու աղոթում նրան, բայց շրջապատում աչքի ընկնելու համար կարդում են մի երկու թերի միտք աթեիզմի մասին ու ամեն մեկի խոսքին, անկախ նրանից՝ դա կրոնի թեման է, թե՝ ոչ, իրենց մեջ գցելով նշում են, որ իրենք աթեիստ են, և որ Աստված գոյություն չունի։ Երևակայական քրիստոնյաներն այն մարդիկ են, ովքեր երբևէ չեն բացել Աստվածաշունչն ու չեն կարդացել, չեն հետևում ոչ մի պատվիրանի, չեն հարգում իրանց կրոնի «կանոնները», բայց ինչ-որ աթեիստի գրառում կամ բանավոր խոսք լսելիս/կարդալիս իրենց պարտքն են համարում մեջ ընկնել ու կրոնական ինչ-որ էջից վերցրած Աստվածաշնչի համար մեջբերել՝ նույնիսկ չիմանալով այդ համարի նշանակությունն ու ամբողջական տեքստը։ Սիրելի՛ երևակայական աթեիստներ, խնդրում եմ, վերադարձեք ձեր կրոնին, մի՛ աղավաղեք աթեիզմ գաղափարը, մարդկանց մոտ ձեր կերպարը, մի՛ դարձեք աթեիստի կերպարի կարծրատիպ։ Սիրելի՛ երևակայական կրոնավորներ, բացեք, կարդացեք Աստվածաշունչը, քննարկեք խելացի մարդկանց հետ ու նոր հետո դրանից բերեք մեջբերումներ կամ մտածեք՝ հավատալ, թե՝ ոչ, ու մի բան էլ մի՛ արդարացեք այս նախադասությամբ՝ «ախպեր, ես Աստվածաշնչին չեմ հավատում, ես իմ Աստծուն եմ հավատում», Աստված, որի մասին չգիտեք ոչինչ։ Հարգեք միմյանց, հարգեք դիմացինի կարծիքը, մի՛ ծաղրեք որևէ կրոնավորի կամ անկրոնի, ամեն մարդ ունի իր կրոնն ինքնուրույն ընտրելու հնարավորություն, հավատքը գիտելիք չի, որ ստանաս, դա պիտի լինի «ներսից», եթե չլինի հավատքը, ով ինչ էլ ասի, դու չես փոխելու քո կարծիքը։

Հարգանքներով՝ ես

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել