«Ռուսթավի 2-ի» հետ կապված իրադարձություններն այսօր զարգացել են հետևյալ կերպ. 
1.Հեռուստաալիքի նախկին սեփականատեր Քիբար Խալվաշին, ում այսօր ընդունել էր երկրի նախագահը, նրան խնդրել է, որպեսզի Մարգվելաշվիլիի ներկայացուցիչը ներկա լինի դատավարությանը: Խալվաշին նաև հավաստիացրել է, որ ինքը «Ռուսթավի 2»-ը զիջել է Սաակաշվիլիի ներկայացրած վերջնագրից հետո:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վրաստանի նախագահը դատավարության դիտարկում չի անցկացնելու, քանի որ դա կարող է ընկալվել իբրև ճնշում դատարանի վրա: 
2. Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի ժողովրդական պաշտպան (մեր Մարդու իրավունքների պաշտպանն է) Ուչա Նանուաշվիլիի հետ, որից հետո իրավապահ մարմիններին կոչ է արել հանրությանը հաշվետվություն տալ բռնությունների և կտտանքների վերաբերյալ: Սա փաստորեն ՎԺ պաշտպանի խնդրանքն էր:

Նա նաև պահանջել է սահմանափակել դրանք պատկերող կադրերի տարածումը:
3. Ամերիկյան «Վաշինգթոն փոստը» «Ռուսթավի 2»-ի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է «Կառավարության կողմից հանրաճանաչ հեռուստատեսության բռնագրավումը մեծ հարված կլինի վրացական ժողովրդավարությանը» խմբագրական հոդվածով:
4. «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի պատգամավոր Գոգի Թոփաձեն վրացական հեռուստաալիքների հարցերին պատասխանելու ժամանակ մի կողմ է հրել «Ռուսթավի 2»-ի խոսափողը և հայտարարել, որ «վաղը «Ռուսթավի 2»-ն այլևս չի լինի»: Վաղը նշանակված դատավարությանը քննության է առնվելու հեռուստաընկերության պատկանելության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել