Այսօր գրեթե ամեն կին ընտրության առջև է կանգնում. ձգտե՞լ մասնագիտական բարձունքների, թե՞ թողնել կարիերայով զբաղվելն ու նվիրվել ընտանիքին և երեխաներին: Այս ուղիներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:
Ավանդաբար կինն օջախի պահապանն է, սակայն ժամանակակից իրականությունում վերջինս դարձել է կնոջ առօրյայի կողմերից մեկը: Կանայք իրենց դրսևորում են կյանքի տարբեր բնագավառներում, հաջողության են հասնում, կարիերա ստեղծում: Այսպիսի դրվածքով ընտանիքն անցնում է երկրորդ պլան, իսկ երեխաներ ծնում են մոտավորապես երեսունհինգ տարեկան հասակում: Սա բացասական կողմ է, քանի որ բժիշկները խորհուրդ են տալիս երեխա ունենալ երեսուն տարեկանից ոչ ուշ` ելնելով կնոջ և երեխայի առողջության հետ կապված հնարավոր խնդիրներից: Այդուհանդերձ, կինը, որը որոշել է սկզբում զբաղվել կարիերայով, ֆինանսապես ապահովված կլինի և կկարողանա իր երեխային բարեկեցիկ կյանքով ապահովել: Իրավիճակը փոքր-ինչ այլ է, երբ կինն արդեն երեխա ունի և ցանկանում է զբաղվել կարիերայով. այս դեպքում նա ստիպված է երեխային ժամանակավորապես «հանձնել» տատիկներին, դայակներին և այլն: Արդյունքում երեխան քիչ է տեսնում մորը, նրա խնամքի, հոգատարության և ջերմության պակաս է զգում: Այսպիսի դաստիարակության պտուղներն այդքան էլ մխիթարական չեն. աններդաշնակություն երեխաների ու ծնողների հարաբերություններում, բացասական մթնոլորտ ընտանիքում, երեխաների ներփակվածություն, միայնակություն:
Հաճախ կանայք վախենում են կորցնել իրենց աշխատատեղը հղիության կամ երեխայի ծննդի պատճառով: Գործատուի համար դա տհաճ անակնկալ է, և վերջինս ամեն կերպ կփորձի ցանկացած գնով հեռացնել աշխատակցուհուն պաշտոնից: Սակայն մեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ, համաձայն օրենսդրության, հղի կնոջն աշխատանքից հեռացնել չի կարելի:
Երեխայի ծննդի հետ կապված արձակուրդում գտնվելով` կինն իրեն «կտրված» է զգում աշխատավայրում տեղի ունեցող իրադարձություններից: Սակայն գոյություն ունի ելք. կարելի է աշխատանքը կատարել տան պայմաններում: Այս տարբերակը կատարյալ է ստեղծագործական բնույթի աշխատանքների համար: Օրինակ, եթե կինը դիզայներ է, ապա նա հեշտությամբ կարող է պատվերները տանը կատարել` երեխայի քնի կամ խաղի ընթացում: Այս կերպ կարելի է միանգամից երկու հարց կարգավորել` աշխատել և շատ ժամանակ հատկացնել երեխային:
Այսպիսով, դրական և բացասական կողմերը քննարկված են, այդուհանդերձ, ո՞րն է ավելի ճիշտ` նախ երեխա ունենալ, հետո՞ միայն առաջ գնալ` աստիճանաբար մասնագիտանալով, թե՞ ընդհակառակը: Եթե Ձեր առջև դրվի այս հարցը, հիշեք, որ ամենից երջանիկ կանայք նրանք են, ովքեր գտել են ոսկե միջինը` համատեղելով թե՛ մեկը, թե՛ մյուսը: Սա, իհարկե, դժվար է, բայց հնարավոր: Պարզապես պետք չէ ամեն ինչ վերցնել Ձեր ուսերին, խնդրեք հարազատներին օգնել Ձեզ: Այդ դեպքում կշեռքի երկու նժարները` ընտանիքն ու կարիերան, հավասարակշռության կգան:

Սարգիս Նազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել