«Ատմազկա» ունենալով, որ երեկ վիրահատվել եմ ու հիմա գտնվում եմ նարկոտիկ պարունակող ցավազրկողի ազդեցության տակ, մի հարց կտամ իմ հայրենակիցներին, որին այլ դեպքում դժվար թե անդրադառնայի.

Ո՞վ և ինչո՞ւ որոշեց ղարաբաղյան պատերազմի մասնակից մեր ազնվագույն հայրենակիցներին՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ, անվանել «ֆիդային»։ Բառ, որով աշխարհը ճանաչում էր հիմնականում Արաֆաթի «տրաքացնող արծիվներին»։ 
Մտածում էիք այդ կերպ արաբական ու մուսուլմանական երկրներին քծնե՞լ։ Այդ դեպքում արձանագրենք խայտառակ ձախողում. ամբողջ մուսուլմանական աշխարհը՝ ներառյալ բոլոր արաբական երկրներն ու նրանց միավորող կազմակերպությունից մինչև «ստրատեգիական դաշնակիցներ» ղրղզած տաջիկներ ու նոր սուլթան բազար բաև, միշտ ու ամուր կանգնած էին ու են Ադրբեջանի թիկունքին։
Իսկ եթե մեր ազատամարտիկներին արաֆաթական «տրաքացնողի» իմիջով «ֆիդայի» սարքելով՝ նպատակ ունեիք ղարաբաղյան պատերազմը մասնավորապես և Հայաստան պետությունն ընդհանրապես դարձնել աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի՝ Իսրայելի աչքի գրողն ու արժանացնել նրա հանդեպ ընդգծված բարեկամաբար տրամադրված միջազգային լուրջ լրատվամիջոցների կիսաթշնամական-սառը վերաբերմունքին, շնորհավորում եմ, ձեզ դա լիովին հաջողվեց։
Բայց ամեն դեպքում այդ ինֆորմացիոն-տերմինաբանական դիվերսիայի հեղինակն ո՞վ էր։ Ասեք՝ իմանանք։ Ազգը պարտավոր է ճանաչել իր գլխին սարքող «հերոս(ներ)ին»։ Անուն առ անուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել